Ճապոնացի վարպետը փայտից «իրական» ծովախեցգետին է քանդակել (լուսանկարներ, տեսանյութ)

00:09 • 07.06.14

Ճապոնացի 25-ամյա վարպետ-արհեստավոր Ռիոսուկե Օհտակեն վերջերս յուրացրել է jizai okimono «իրական» փայտյա կենդանիներ փորագրելու ճապոնական արվեստը:


Ինչպես հայտնում է Oddity Central-ը` նրան հաջողվել է ամբողջական ու գրեթե կատարյալ փայտյա ծովախեցգետին պատրաստել` բոլոր մանրամասնություններով: Փայտյա քանդակն այնքան իրական տեսք ունի, որ ճիշտ դիրքով պահելիս դրա ոտքերը, եղունգներն ու պոչը շարժվում են:


Ստորև ներկայացված 3 րոպե տևողությամբ տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է Օհտակեն աշխատում ծովախեցգետինն ստեղծելիս՝ իր բազմաթիվ փորագրող գործիքներով և փայտի կտորներով: Տեսանյութի վերջում երիտասարդ վարպետը պատրաստի քանդակը դնում է իր գլխին և ցուցադրում, թե ինչպես է այն շարժվում իրական կենդանու նման:


Զարմանալին այն է, որ սա երիտասարդ վարպետի առաջին փորձն է՝ յուրացնելու jizai okimono արվեստը, որը առաջացել է 1700-ականներին, երբ մետաղյա զրահներ պատրաստող դարբիններն այնքան ազատ ժամանակ էին ունենում, որ իրենց ուժերը փորձեցին «իրական» փայտյա կենդանիներ, թռչուններ ու միջատներ փորագրելու արվեստում: