58 ֆիլմ 17 երկրներից և մրցանակներ՝ պատրաստված մանկատան սաների ձեռքով. «Ֆրեսկո» կինոփառատոնը՝ շուտով
Ամռանը հայաստանցիների առօրյան կգունավորվի նոր երանգներով. հունիսի 21-ին Կարապի լճի տարածքում տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի հոգևոր ֆիլմերի փառատոնի բացումը:
Տասը օր շարունակ «Ֆրեսկոն» կշրջի Երևանի սրտում ու մարզային կինոճամբարներում: Կազմակերպիչները գտել են փառատոնի անցկացման յուրօրինակ տարբերակներ: Փառատոնի մեկնարկը կլուսավորեն երկու հազար մոմեր` պատրաստված «Ֆրեսկոյի» կամավորների կողմից: Բացման օրը համընկել է Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալու օրվա հետ, ուստի մոմերը կօծվեն Էջմիածնում, ապա կտեղափոխվեն Երևան ու հանդիսատեսին կբաժանվեն աղոթքների հետ միասին` որպես հուշանվեր:

Փառատոնը կինոսիրողների համար առանձնացրել է 58 ֆիլմ 17 երկրներից: Շուրջ տասը անվանակարգերի հաղթողների մրցանակներն ևս յուրահատում են. դրանք պատրաստում են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Մանուկներն աշխատում են կավով` պատրաստելով «Ֆրեսկո»-ի խորհրդանիշ ձկան տեսքով արձանիկներ, իսկ դրանց պատվանդանները պատրաստելու համար երեխաները մշակում են հասարակ քարեր:

Մանկատան սաներից մեկը` Համլետը, նշում է` ամեն բան անում է, որպեսզի «կարևոր արձանիկները լավ ստացվեն»: Երեխաները խոստանում են, որ դրանք լինելու են մեկը մյուսից տարբեր` եզակի: Իսկ թե ի վերջո որ երկրի ներկայացուցիչներն իրենց հետ Հայաստանից կտանեն արձանիկները, կորոշի մասնագիտական հանձնախումբը:

Այս տարի «Ֆրեսկոն» նախապատրաստել է նաև հատուկ ծրագիր` նվիրված Եղեռնի հարյուրամյակին. ընդգրկված են երկու ֆիլմեր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ևս համագործակցում է փառատոնի կազմակերպիչների հետ, որտեղ էլ կցուցադրվեն ֆիլմերը, ապա կանցկացվի հանդիպում փառատոնի հյուր Հայր Հովհաննեսի հետ:
Մարզերի կինոճամբարներում ֆիլմերը կցուցադրվեն եկեղեցու պատերի վրա. ինչպես նշում է փառատոնի տնօրեն Աննա Կարապետյանը, սա ևս յուրօրինակ արվեստի ճյուղ կդառնա. «Ֆրեսկո»-ն (որմնանկար) համեմատեցինք մարդու ներաշխարհի հետ, որն անընդհատ խնամքի և վերականգնելու կարիք ունի: Մեր որմնապատկերներն էլ ունեն խնամքի կարիք. մեր կարգախոսն է` «Վնասվածը վերականգնելու կարիք կա»: Ուզում ենք ֆիլմերը ցուցադրել եկեղեցու պատերին` նոր շունչ ու գույն հաղորդել դրանց. սա էլ մի նոր արդի մշակույթ է»:











