Սա ֆիլմ է ոչ թե դատելու, այլ դիտելու համար. ռեժիսորը «Հարսնացուն Վեգասից» ֆիլմի մասին

14:04 • 09.06.14

Հունիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Հարսնացուն Վեգասից» սիրային կատակերգության պրեմիերան, որին ընդառաջ ֆիլմի ռեժիսոր Արթուր Բաբայանը, պրոդյուսեր Էդմոնդ Գրիգորյանը և գլխավոր դերակատար Միքայել Շարաֆյանը մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ֆիլմի մասին մանրամասներ ներկայացնելու համար:


«Սա ֆիլմ է ոչ թե դատելու, այլ դիտելու համար»,- ասաց ֆիլմի ռեժիսորը: Իսկ Միքայել Շարաֆյանն ասաց, թե իր առաջին մեծ գործն է: Կերպարը, որն ինքը կերտել է, ոչ մի նմանություն չունի իր կերպարի հետ:


«Ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիների՝ կովի, էշի, օձի, հավի հետ եմ աշխատել»,- ասաց երիտասարդ դերասանը՝ նշելով, թե ինքը սկզբում դեմ է եղել նկարահանվել ֆիլմում, քանի որ մասնագիտությամբ դիզայներ է, և զգեստներ է ձևավորում ամերիկյան ֆիլմերի համար:


Ֆիլմում նկարահանվել են նաև ավագ սերնդի դերասաններ Լևոն Շարաֆյանն ու Ալլա Թումանյանը:


Ֆիլմի հիմքում գյուղացի Մկոյի պատմությունն է, ով գնում է Լաս Վեգաս՝ լուսանկարում պատկերված աղջկան գտնելու: Հայկական հումորով, բայց ամերիկյան մատուցմամբ նկարահանված կատակերգությունը պատմում է կենսուրախ Մկոյի անվերջանալի փորձությունների ու արկածների մասին:


«Մենք չենք քարոզում արտագաղթ, քանի որ Մկոն ամուսնանում և վերադառնում է Հայաստան»,- ասաց Արթուր Բաբայանը:


Երևանյան պրեմիերայից հետո նախատեսվում է ֆիլմը ցուցադրել նաև Գյումրիում և Արտաշատում:


«Գիտենք, որ կհամեմատեն «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հետ, բայց լավ կլինի համեմատություն անելիս հաշվի առնեն նաև այն, որ սա նկարահանվել է քսան երիտասարդների կողմից՝ օտար երկրում, սահմանափակ բյուջեով»,- ասաց ռեժիսորը: