Ջորջ Քլունիի հարսանիքը տեղի կունենա Վենետիկում. ԶԼՄ-ներ

13:58 • 10.06.14

Դերասան Ջորջ Քլունին և նրա սիրեցյալը՝ իրավաբան Ամալ Ալամուդինը, պատրաստվում են ամուսնանալ սեպտեմբերին Վենետիկում: Ընդ որում՝ զույգը մտադիր է տոնակատարությունը կազմակերպել իրենց ծանոթության միամյակի օրը:

 

Եթե արարողության ամսաթիվը քիչ թե շատ հստակ է, ապա զույգն արարողության անցկացման վայրի հարցում դեռ վերջնական որոշման չի եկել, գրում է korrespondent.net-ը:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ այժմ 53-ամյա Քլունին իր սիրեցյալի հետ մտածում են հարսանիքը Վենետիկում կազմակերպելու մասին. զույգին մեկ շաբաթ առաջ տեսել են քաղաքում՝ հարսանյաց արարողությունների կազմակերպմամբ զբաղվող գործակալություններից մեկում:

 

«Ջորջը և Ամալը կցանկանային ամուսնանալ Իտալիայում, բայց նրանք պետք է տեղ գտնեն, որտեղ կկարողանան պահպանել գաղտնիությունը: Կոմո լճի ափին գտնվող Քլունիի առանձնատունը դրա համար հարմար վայր չէ»,- New York Post-ին հայտնել է աստղի շրջապատից մի աղբյուր:

 

Ավելի վաղ Քլունիին և Ալամուդինին տեսել են Ֆրանսիայում. վարկածներից մեկի համաձայն՝ զույգն իրենց համար Սեն-Տրոպեում հարմար տուն է փնտրել, իսկ մյուս վարկածի համաձայն՝ հարմար վայր են փնտրել հարսանիքի համար։