Լոնդոնում բացվել է Բենքսիի հետահայաց ցուցահանդեսը

14:38 • 11.06.14

Լոնդոնում այսօր բացվել է բրիտանացի նկարիչ Բենքսիի հետահայաց ցուցահանդեսը: Այն կանցկացվի Sotheby’s-ի ցուցասրահում հունիսի 11-ից մինչև հուլիսի 25-ը, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Բենքսիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը համակարգում է Սթիվ Լազարիդեսը, ով որոշ ժամանակ եղել է նկարչի մենեջերը: Ինքը՝ Բենքսին, չի մասնակցել ցուցահանդեսի պատրաստմանը, ինչն էլ արտահայտված է դրա անվան մեջ՝ «Չլիազորված հետահայաց ցուցահանդես»:

 

Լազարիդեսի խոսքով՝ Բենքսիի շրջապատից հայտնել են իրեն, որ նկարիչն այնքան էլ ուրախ չէ միջոցառման համար:

 

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների մեծ մասը կարելի է գնել: Ինքը՝ Բենքսին, նույնպես եկամուտ կստանա ցուցահանդեսից՝ իր ստեղծագործությունների վաճառքից ստացված տոկոսների տեսքով։