Սարիկ Անդրեասյանը պատմել է իր նոր «Մաֆիա» ֆանտաստիկ մարտաֆիլմի մասին
Enjoy Movies ընկերությունը, որը հայտնի է բարի կատակերգություններով, «Մաֆիա» անվանումով ֆանտաստիկ մարտաֆիլմում փոխել է սովորական դարձած լուսավոր միջավայրը։
«Հղին» և «Ինչ են անում տղամարդիկ» ֆիլմերի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը 2-րդ անգամ դիմել է լուրջ ժանրի՝ «Կողոպուտ ամերիկյան ձևով» թրիլլերից հետո, որն այս տարի ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, գրում է filmpro.ru-ն։
Նոր «Մաֆիա» ֆիլմում ներկայացվում է Մոսկվան հեռավոր ապագայում, որտեղ մաֆիա խաղն այնքան մեծ տարածում է գտել, որ վերածվել է դաժան իրապատում շոուի. մասնակիցներն իսկապես սպանում են կասկածյալներին՝ պարզելու համար, թե ով է նրանցից մաֆիան։
««Մաֆիայում» յուրաքանչյուր մասնակից ունի իր դրդապատճառը։ Մեկը գալիս է գումարի համար, մյուսը՝ որովհետև կորցնելու ոչինչ չունի, քանի որ մահացու հիվանդ է, մեկ ուրիշը գալիս է՝ ինքն իրեն որևէ բան ապացուցելու համար։ Յուրաքանչյուրը պայքարում է սեփական վախերի դեմ»,- պատմել է ռեժիսորը։
Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են Մոսկվայում, այժմ խումբը տեղափոխվել է Տեներիֆե կղզի՝ ծովափնյա տեսարանները նկարահանելու համար։










