Եթե 800 ապրանքի մաքսատուրքերին լուծում է գտնվել, ապա ԵՏՄ մտնելու ժամկետները պետք է կոնկրետացվեն. քաղաքագետ

23:27 • 24.07.14

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Tert.am –ի հետ զրույցում անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ armlur.am-ին հայտնածին, թե շուրջ 800 անուն ապրանքի մաքսատուրքերը չեն փոխվի, (սա և ԼՂ-ում մաքսակետ դնելը դիտվում են որպես ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու գլխավոր խոչընդոտ), նշեց, որ մի փոքր վերապահումով է մոտենում այս տեղակատվությանը:


Հարցին` կարելի՞ է ասել, որ Հայաստանի անդամակցությունը անշրջելի է, որովհետև հաղթահարված է գլխավոր խոչընդոտներից մեկը, նա պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք: Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ եթե չեն կոնկրետացնում այն, թե ինչն է խոչընդոտում Հայաստանի շուտափույթ անդամակցությանը Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը, ապա երևի խոսքը մի շարք պատճառների մասին էր, ոչ թե այդ մեկ պատճառի: Չնայած այդ պատճառի մասին ևս քանիցս հայտարարվել է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում սա չափազանց մտահոգիչ էր, և եթե այս հարցը գտել է իր լուծումը, ապա տրամաբանական կլիներ, որ ժամկետները վերջնականապես կոնկրետացվեին»:


Ի պատասխան դիտարկման, թե վերջին անգամ ՀՀ վարչապետը հայտարարել է «հունվարի մեկ» ժամկետը, Հմայակ Հովհաննիսյանն ասաց.«Հունվարի մեկը ամենահեռավոր, ես կասեի՝ հոռետեսական ժամկետն է, որովհետև ի սկզբանե նշվում էր, որ մինչ 2015-ի հունվարի 1-ը պետք է ձևավորվի արդեն Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության ամբողջական կազմը, և կառույցը պետք է սկսի աշխատել իր ամբողջական կազմով: Բայց չէ՞ որ նշվում էին հետևյալ ժամկետները՝ հուլիսի մեկ, հետո՝ աշուն, հոկտեմբեր… Եվ ինչ վերաբերում է հունվարի մեկին, ապա եթե ոչ հունվարի մեկ, ապա ե՞րբ (հա, հա, հա...ծիծաղում է ): Այնպես որ՝ խոսքն այն մասին է, որ Հայաստանն այսօր ստիպված է դիմակայել այնպիսի արտաքին քաղաքական մարտահրավերների, որ ցանկալի կլիներ, որպեսզի հստակեցվեր Հայաստանի կարգավիճակն այսօրվա աշխարհաքաղաքական դասավորության մեջ»: