Հայրենադարձ ազատամարտիկը արդեն մեկ տարի է` չի կարողանում հայկական անձնագիր ստանալ (տեսանյութ)
Ուկրաինայի քաղաքացի, այսօր արդեն Արարատ քաղաքի բնակիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սեյրան Հովսեփյանը, ով մեկ տարի առաջ Հայաստան է վերադարձել մշտական բնակության, բողոքում է անձնագրային և վիզաների վարչության Արարատի մասնաճյուղի դեմ՝ պնդելով, որ իրեն արդեն երկար ժամանակ անընդհատ խաբում են, անձնագիր չեն տալիս:
Քաղաքացին 1994թ.-ին Ուկրաինա է գնացել իր խոսքով՝ վիրահատության նպատակով, որպեսզի մարմնից հեռացնեն պատերազմի ժամանակ ձեռք բերած բեկորները:
Այսօր Կառավարության շենքի դիմաց նա մոտեցել էր առողջապահության նախարարին՝ օգնության խնդրանքով, սակայն իր խնդիրը նախարարի իրավասության շրջանակում չէր:
«Ես գնացի օվիր, գնացի մինիստրի մոտ էլ, սարքեցին գլխիս, 50 հազար դրամ էլ տուգանք նշանակեցին: Անցած տարվանից եկել եմ այստեղ՝ բնակվելու, հիմա ես անձնագրի խնդիր ունեմ, գոնե մի հատ թուղթ տան, որ ես կարողանամ աշխատանքի անցնել: Էնքան տարան, բերեցին, սարքեցին իբր՝ անցել ա անձնագրիս ժամկետը, բայց ես ասացի, որ ես մեղավոր չեմ, իրենք են էնքան տարել, բերել, որ ժամկետն անցել ա»,-Tert.am-ի հետ զրույցում պատմեց նա:
Վերջինս նաև նշեց, որ հիմա ինքը Ուկրաինայի քաղաքացի է, սակայն հրաժարվում է այդ քաղաքացիությունից, բայց այստեղ էլ անձնագիր չեն տալիս: «Դաժե ինձ վախեցնում են, ասում են՝ որ ուզենանք, քեզ կարտաքսենք, քանի որ ժամկետդ անցել ա»,-ասաց Սեյրան Հովսեփյանը:










