Ճնշումների մասին խոսելը «Կիկոսի մահի» ժանրից է . ՀՀԿ խոսնակը՝ Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի վրա ճնշումների մասին

21:47 • 24.07.14

Պետք չէ հալած յուղի տեղ ընդունել Լևոն Տեր-Պետրոսյան հռետորի հայտարարությունները: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով առաջին Նախագահի այն հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստանի» վրա ճնշումներ են գործադրվում, քանի որ այս քաղաքական ուժը դեմ է սահմանադրական բարեփոխումներին:


«Ափսոսում եմ, որ այդ հռետորի հայտարարությունները փորձում եք հալած յուղի տեղ ընդունել, որովհետև այդ հայտարարությունը և նրա «Հրատապ հարցազրույցի» նպատակը բոլորին պարզ է: Իսկ ինչ վերաբերում է ճնշումներին, ապա միգուցե ճնշումներ եղել են շատ վաղ անցյալում, ինքը կարող է ավելի լավ իմանալ, միգուցե իր կառավարման շրջանում եղե՞լ են, բայց մենք հասնում ենք նրան, որ Հայաստանը լինի ավելի ժողովրդավարական,ավելի բազմակարծիք, ավելի հանդուրժող, քան այսօր է և երեկ էր: Եվ, բնականաբար, ճնշումների մասին խոսելն ընդամենը «Կիկոսի» մահի ժանրից է»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը:


Ինչ վերաբերում է նրա այն հայտարարությանը, որ ԵՏՄ-ին մեր անդամակցությունը տեղի չի ունենում, որովհետև Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետ պետք է դրվի, ապա ՀՀԿ խոսնակն ասաց.«Ես չեմ կարծում, որ Ձեր մատնանշած անձը և իր քաղաքական թիմը  Հայաստանում քաղաքական օրակարգ են թելադրում: Հայաստանում քաղաքական օրակարգը ձևավորված է, և այդ օրակարգի ձևավորողն ու դրա լոկոմոտիվը ազդեցիկ քաղաքական ուժերն են, իսկ ինքը և իր ղեկավարած ուժը մեծ ցանկության դեպքում նույնիսկ իր դաշնակիցների մոտ դժվար թե ազդեցիկ համարվեն: Եվ դրա համար ինքը վերածվեց այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի»:

 

Էդուարդ Շարմազանովը լրագրողի խնդրանքով անդրադարձավ նաև «Օրինաց երկրի»՝ կրկին ընդդիմություն դառնալուց հետո էլեկտրաէներգիայի հարցով հրավիրած հանրահավաքին.«Ես ո´չ արձակագիր եմ, ո´չ էլ՝ բանաստեղծ, որ տպավորություններով խոսեմ: Ես քաղաքական գործիչ եմ, որը պետք է խոսի իրական գնահատականներով: Բացառապես ցանկացած քաղաքական ուժի խնդիրն է՝ հանրահավաք անել կամ չանել, քննադատել կամ չքննադատել, ինչպիսի մարտավարություն և ռազմավարություն մշակել՝ իշխանության հասնելու համար: Ինչպես «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», ՀԱԿ-ի դեպքում եմ նշել, նույնը կարող եմ ասել ՕԵԿ-ի դեպքում: Դա բացառապես իրենց ներքին խնդիրն է, և իմ քաղաքական սկզբունքների մեջ չի մտնում այլ քաղաքական ուժերի գործելոճին գնահատական տալը»: