Զինե՛լ. «Արաբո»-ի Մանվելը կողմնակից է Տավուշի սահմանամերձ գյուղերը զինելուն
Tert.am-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանը, անդրադառնալով երեկ Հանրային խորհրդի նիստում Վազգեն Մանուկյանի՝ սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու առաջարկին, և դրան նախագահ Սերժ Սարգսյանի դեմ արտահայտվելուն, հայտնեց, որ ինքը կողմ է դրան:
«Եթե Դուք մտածում եք, որ զենքը տան գյուղացուն և քաղաքացուն՝ նրանք իրար կսպանեն, ապա սխալվում եք: Բերեմ օրինակ. եթե ես 160 կիլոգրամ եմ,Դուք ՝40 կիլոգրամ, մենք ֆիզիկապես հավասար չենք, ես ֆիզիկապես ավելի ուժեղ եմ, բայց եթե Ձեր ձեռքին զենք կա՝ մենք արդեն հավասար ենք: Ու ես կարծում եմ, որ այդ դեպքում մենք մեկս մյուսի հանդեպ ավելի զգույշ կլինենք, և Աստված մի արասցե, մեկս մյուսին չենք նեղացնի, որովհետև բոլորս զենքով ենք: Ես սա ասում եմ, որ հասկանաք, որ զենքն այսօր վտանգավոր բան չէ: Հակառակը, մարդն ավելի զգուշավոր է դառնում:
Ի պատասխան հարցի, որ այնուամենայնիվ, հնարավոր է՝ հանցագործություններն աճեն, օրինակ՝ զենքով ավազակային հարձակումների ավելացում, ինչպես տարիներ առաջ էր, երբ «Հայոց ազգային բանակի» ձեռքին համատարած զենք կար, Հայաստանում կտրուկ ավելացել էին հանցագործությունները, Մանվել Եղիազարյանն ասաց.«Այն ժամանակ անարխիա էր, իշխանություն չկար,այսօր՝ լավ-վատ իշխանություն կա: Եվ հետո, եթե մարդը որոշի հանցագործություն կատարել, նա մի միջոց անպայման հայթայթելու է: Դրա համար, ինչ է, դանակները պետք է հավաքե՞ն»:
Մանվել Եղիազարյանը նաև շատ է հավանել Տավուշի մարզպետի այն կոչը, որ հնարավորինս շատ դիվանագետներ, միջազգային կառույցների աշխատակիցներ, գան սահման, որ եթե ասում են, որ կրակոցներ չեն լսել, ապա և՛ լսեն, և՛ տեսնեն դրանց հետքերը:
Նախկին ազատամարտիկը ավելացրեց, որ մտավորականությունը ևս այս հարցում պետք է լինի իր տեղում, այսինքն՝ հնարավորինս շատ լինի սահմանամերձ գյուղերում, որպեսզի մարդիկ զգան, որ կա բարոյական աջակցություն:










