Գետք գյուղում 50-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել` բռնության և հրազենային վնասվածքների հետքերով

11:31 • 25.07.14

Հուլիսի 24-ին` ժամը 17:10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։


Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:


Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:


Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի հատկանիշներով:


Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: