Ֆրանսիան հաստատել է Air Algerie-ի ինքնաթիռի մասերի հայտնաբերումը Մալիում
Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Մալիում է կործանվել Air Algerie ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում գտնվել է Ֆրանսիայի ավելի քան 50 քաղաքացի, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի կայքին։
Հայտարարությունում նշվում է, որ «աղետի ենթարկված ինքնաթիռը ճանաչվել է, թեև ընկնելու պահին մասնատվել է»։
«Աղետի վայր է ուղարկվել ֆրանսիական ռազմական ստորաբաժանում՝ օբյեկտի անվտանգությունն ապահովելու և միջադեպի մասին առաջին տեղեկությունը հավաքելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Air Algerie-ի ինքնաթիռի կործանման վայր են ժամանել Բուրկինա Ֆասոյի փրկարարները, որտեղից թռիչք էր իրականացրել օդանավը։
Հիշեցնենք, որ երեկ Air Algerie ավիաընկերությանը պատկանող վթարված ուղևորատար ինքնաթիռում գտնվել է 116 մարդ, որոնց թվում եղել են առնվազն 16 երկրի քաղաքացիներ:










