Չեմ կարող ասել՝ որտեղից այս վստահությունը, բայց ամեն ինչ լավ է լինելու Լևոն Հայրապետյանի հետ. վստահված անձ

14:05 • 25.07.14

Հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր գործընկերոջն առաջադրված քրեական մեղադրանքների «ճակատագրին», խիստ ուշագրավ մի հայտարարություն արեց: «Ես ունեմ անձնական տեղեկություններ, որոնք չեմ կարող մանրամասնել, բայց հավաստիացնում եմ, որ անչափ լավատես եմ, շատ դրական՝ առանց նշելու, թե կոնկրետ ինչու եմ նման հավաստիացում անում: Եղա՞վ»,- ասաց Մացակ Փոլադյանը:


Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանին երեկ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում) և 174-րդ հոդվածով (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում): Հայրապետյանը դեռևս ապրիլի 28-ին հարուցված քրեական գործով որպես կասկածյալ էր անցնում` «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հափշտակման և անօրինական լեգալացման համար:
 

Մացակ Փոլադյանը նկատեց, որ սկզբում Լևոն Հայրապետյանի նկատմամբ առաջադրված էր «մեղադրանքներու մի տրցակ»:


«Իջավ երկու մեղադրանքների, այսինքն՝ 80 տոկոս, որ սկիզբ դրված էին, մնացին մի 2-3-ը: Դրանք էլ են շինծու, դրա վրա կասկաս չունենք՝ ո՛չ մենք, ո՛չ Լևոնը: Փաստաբանը փոխել ենք, եթե լսել եք: Հիմա նոր Սամվել անունով մի փաստաբան է գալիս, հին փաստաբանն էլ գործիչ դուրս չեկավ, հին փաստաբանը մնում է մեզ խորհրդական»,- տեղեկացրեց Լևոն Հայրապետյանի վստահված անձը:


Հիշեցնենք, որ «Վեդեմոստի» լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ յուրացման տակ նկատի է առնվում գործակալի դրամական փոխհատուցումը, որը Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ ԲՖԿ «Սիստեմա»-ի բաշկիրական նավթային ակտիվները Բաշկորտոստանի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդուց` Ուրալ Ռահիմովից, գնելու գործարքի ժամանակ:


Հայրապետյանի փոխհատուցման գումարը, ըստ հետաքննության տվյալների, կարող էր կազմել մինչև 50 միլիոն դոլար: Դա հաստատել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովը: Կրտսեր Ռախիմովը գործով հիմնական կասկածյալն է, իսկ Հայրապետյանը համարվում է դրա գլխավոր մասնակիցը:


Ի պատասխան՝ Մացակ Փոլադյանը նկատեց.«Վեց տարի առաջվա ակցիաների մասին է խոսքը, և այդ տղան հիմա Ամերիկայում է և որդին ինչո՞ւ չի ձերբակալվում. ո՛չ ռոզիսկ կա էդ տղու հանդեպ, ոչ «Ինտերպոլի» կողմից պահանջված է: Եթե ինքն է ծախողը Լևոնին և մյուսներին։ Լևոնը էդ ակցիոներից ընդամենը 3,5 տոկոս է գնել»: