Մոսկվայի մետրոյի վթարից տուժածները 37 մլն ռուբլի փոխհատուցում են ստացել

00:14 • 25.07.14

Մոսկովյան մետրոյի Արբատ-Պոկրովյան ուղղությամբ ընթացող գնացքի վթարի հետևանքով տուժածները, ովքեր գտնվում են հիվանդանոցում, ընդհանուր ծավալով 37 մլն ռուբլի փոխհատուցում են ստացել: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է մայրաքաղաքային մետրոպոլիտենի կայքում:


Մոսկովյան մետրոյի պատմության մեջ խոշորագույն տեխնածին վթարը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ «Հաղթանակի զբոսայգու» «Սլավյանսկի բուլվար» հատվածում, երբ գնացքի կտրուկ արգելակման հետևանքով երեք վագոն դուրս էր եկել գծերից: Վթարի հետևանքով 23 մարդ էր զոհվել, 150-ը՝ տեղափոխվել հիվանդանոց:


Վթարի պաշտոնական պատճառը դեռևս չի պարզվել: Մայրաքաղաքի իշխանությունները հակված են սլաքավարի սխալ գործողությունների հետևանքով առաջացած անսարքության վարկածին, որը կարող էր հանգեցնել վթարի: