12 կետերն իրականում ամառը ոչինչ չանելու համար են. Ստյոպա Սաֆարյան

15:29 • 26.07.14

12 կետերը իրականում ամառը ոչինչ չանելու, ամառը շրջանցելու համար են: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը:


«Իմ կարծիքով՝ 12 կետերը ամառը ոչինչ չանելու նպատակ են հետապնդում: Պարզապես՝ դնել խնդիր իշխանության առաջ և գնալ արձակուրդ: Որպեսզի հասարակության մոտ ավելի ցցուն չերևա, որ որևէ քաղաքական պրոցես չկա: Եվ ուղղակի ինչ-որ 12 կետ ներկայացվեց, որ Կառավարությունը աշխատի, իրենք էլ աշնանը գան, այսպես ասած, հաշվետվությունն ընդունեն»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։


Պատասխանելով հարցին, որ քառյակի՝ իշխանությանը արված պահանջներից գրեթե 2 ամիս է անցել, բայց քաղաքական այս 4 ուժերը արձակուրդում են, նա արձանագրեց. «Հայաստանն իսկապես բավականին բարդ շրջան է ապրում, եթե ընդդիմությունը գտնում է, որ Հայաստանի վիճակը ծայրահեղ վատացել է, ապա, կներեք, անհասկանալի է ընդդիմության արձակուրդը: Իսկ եթե այդպես չէ, ուրեմն, պետք չէ ասել, որ ծայրահեղ ծանր իրավիճակ է, ուրեմն ծանր չի կամ բարդ չի: Կոնկրետ իմ կարծիքով՝ Հայաստանը բարդագույն իրավիճակ է ապրում՝ և՛ սահմանային, և՛ ներքին, և՛ տարածաշրջանային համատեքստում: Եվ այս իրավիճակում դռները փակել և գնալ ծովափ, պատկերավոր ասած, մի քիչ լուրջ չեմ համարում: Առավել ևս, որ Կառավարության և վարչապետի 100 օրն է լրանում: Վերջին հաշվով, խնդիրը գնահատական տալն է, վերաբերմունք արտահայտելն էս ամեն ինչին: Եվ նաև հանրությանը ներկայացնելու, թե ուր են հասել»: