Մովսես գյուղում վիճակը հանգիստ է և ոչ մի խուճապ չկա. գյուղապետ
Տավուշի մարզի Մովսեսի գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ադրբեջանական կողմից արձակված կրակոցներին, հայտնեց, որ հիմա գյուղում հանգիստ վիճակ է, կրակոցներ չկան:
«Գիշերը տասներկուսից հետո մինչև հիմա հանգիստ է: Կրակոցները եղել են 20:30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում»,-ասաց նա:
Գյուղապետը վստահեցրեց, որ բնակիչների մոտ ոչ մի խուճապ չկա: «Մտքներիցդ հանեք դա, ի՞նչ խուճապ, ի՞նչ փախուստ: Մենք որ փախչենք, դուք ուր եք գնալու»,- նշեց նա:
Հարցին, թե մեր կողմն ինչ քայլեր է ձեռնարկել, Արարատ Ավալյանը պատասխանեց.«Եթե հայկական կողմը չպատասխաներ, նրանք չէին լռի: Ինչպես ասում են՝ արժանի հակահարված է տրվել, սակայն ես չէի ասի, որ արժանի է, դա դրանց քիչ է, պարզապես դեմները կտրում են»:
Ինչ վերաբերում է հակառակորդի ակտիվացմանը, գյուղապետն ասաց.«Այդ ակտիվացումը թուրքերի կամքից է կախված, կուզի կակտիվանա, կուզի չէ»:










