ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ ԵՄ պատժամիջոցները կասկածի տակ են դնում անվտանգության ոլորտում համագործակցությունը
Ռուսաստանի արտգործնախարարությունը կարծում է, որ Եվրամիության նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ապացուցում են, որ կառույցն անվտանգության հարցերում համագործակցությունը դադարեցնելու կուրս է ընտրել, տեղեկացնում է gazeta.ru- ն:
«Պատժամիջոցների լրացուցիչ ցանկն ուղղակի ապացույցն է այն բանի, որ ԵՄ երկրները լիովին հրաժարվում են Ռուսաստանի հետ միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության կուրսից՝ ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի տարածման, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և այլ մարտահրավերների դեմ պայքարը», -ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ նման որոշումներին ուրախությամբ են արձագանքելու միջազգային ահաբեկչական խմբավորումները:
«Այն, ինչ նրանց չհաջողվեց անել վերջին տասնամյակների ընթացքում՝ սեպ խրել համաշխարհային հանրության շարքերում, հեշտությամբ արեց Բրյուսելը», -ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարցով պատժամիջոցները:










