Լոնդոնը՝ Մեծ Բրիտանիայի «ամենադժբախտ» քաղաք

14:55 • 26.07.14

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը ճանաչվել է «ամենադժբախտ» քաղաքը երկրում. նման եզրակացության են եկել Եվրոպական հանձնաժողովին կից Urban Audit սոցիոլոգիական գործակալության վերլուծաբանները, որոնք ուսումնասիրում են եվրոպական քաղաքների «գրավչությունը» և «կյանքի որակը», գրում է РИА Новости-ն:

 

Երկրի տարբեր քաղաքներում անցկացրած հարցումների ընթացքում սոցիոլոգները տեղացի բնակիչների կարծիքն են հարցրել քաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտների իրավիճակի վերաբերյալ` առողջապահությունից մինչև հանգստավայրեր:

 

Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ անբավարության ամենաբարձր մակարդակը եղել է հենց մայրաքաղաքում: Լոնդոնի բնակիչներն ամենաշատն են դժգոհել շրջակա միջավայրի պահպանությունից, սպորտով զբաղվելու հարթակներից և բնակարանների գներից, կրթությունից ու առողջապահությունից։ Բացի այդ, լոնդոնցիներն իրենց ամենաքիչն են պաշտպանված զգում և, ընդհանուր առմամբ, ավելի դժբախտ են, քան երկրի այլ բնակիչներ:
Միակ բանը, որից գոհ են մնացել լոնդոնցիները, դա քաղաքային հասարակական տրանսպորտի վիճակն է:

 

Իսկ «ամենաերջանիկ» բրիտանացիները, համաձայն հարցումների, Ուելսի մայրաքաղաք Կարդիֆի բնակիչներն են: