Ամռանը ոչ պատշաճ պայմաններում պահպանված մթերքը վտանգավոր է առողջության համար. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կենդանական ծագման հումքը, կաթ-կաթնամթերքը, միս-մսաթերքը, կրեմային հրուշակեղենը շատ ռիսկային են դառնում ամռանը, եթե պահպանման պայմաններին համապատասխան չեն վաճառվում:
«Շատ վտանգավոր են նաև արևի տակ դրված գազային ըմպելիքները, որոնք տարբեր ակցիաների ժամանակ դրված են լինում դրսում»,-ասաց նա:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ եթե օրինակ՝ երշիկի պահպանության ժամկետը մեկ ամիս է, և այն սենյակային ջերմաստիճանում է պահվում, հնարավոր է՝ մեկ ամիսը դեռ չլրացած՝ վտանգավոր դառնա:
«Քաղաքացին պետք է հնարավորինս խուսափի ոչ պահպանման պայմաններում գտնվող սննդից օգտվելուց»,-ասաց նա:
Անդրադառնալով մսամթերքի վաճառքին՝ նա նշեց, որ սպառողը պետք է շատ զգոն լինի, քանի որ դրանք հիմնականում ոչ համապատասխան պայմաններում են պահպանվում:
«Կարող եք անցնել ցանկացած շուկայի կողքով և տեսնել, թե ինչ վիճակ է տիրում»,-ասաց նա:










