Ուկրաինան ՆԱՏՕ-ի դաշինքից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը դառնալու հավակնություն ունի

12:59 • 26.07.14

Ուկրաինային «ՆԱՏՕ-ի կազմից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ» տրամադրելը կամրապնդի նրա ազգային անվտանգությունը. նման կարծիք է հայտնել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Նա ասել է, որ խոսքն ամերիկյան օրենսդրական նախագծի մասին է, որով նախատեսվում է Ուկրաինային հատուկ կարգավիճակ շնորհել՝ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը դառնալու համար:
 

«Եթե դա տեղի ունենա, ապա բեկում կլինի: Չէ՞ որ միջուկային գերտերությունը մեզ առանց սահմանափակումների կտա այն ամենն, ինչ անհրաժեշտ է»,-ասել է նա:

 

Հուլիսի 21-ին ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Կիևը կարող է դիմել Վաշինգտոնին՝ խնդրելով իրեն ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ շնորհել:

 

«Անհրաժեշտ է օգտագործել բոլոր մեթոդները՝ Ուկրաինայում իրավիճակի ապասրացման համար: Եթե դրան կօգնեն Արևմուտքի պատժամիջոցները, ապա պետք է դրանք մտցվեն: Սակայն եթե դրանք չեն աշխատելու, հնարավոր է՝ պետք է դիմել Կոնգրեսին, որպեսզի մեզ հատուկ դաշնակցի կարգավիճակ շնորհվի, ինչպես այժմ ունեն Իսրայելը, Ճապոնիան, Հրվ. Կորեան, Ֆիլիպինները և ԱՄՆ-ի այլ գործընկերներ»,-ասել է Պորոշենկոն: