Ինչպես խուսափել գովազդային հաղորդագրություններ ստանալուց. ոլորտի ներկայացուցիչներ
Tert.am-ը դժգոհություններ է ստացել մի շարք քաղաքացիներից բջջային հեռախոսների վրա տարատեսակ կազմակերպություններից գովազդային հաղորդագրություններ ստանալու շուրջ, ովքեր բողոքել են, թե ստանում են այնպիսի հաղորդագրություններ, որոնք որևէ կերպ իրենց ոլորտների հետ կապ չունեն՝ հեռախոսահամարը որևէ կազմակերպութունում չգրանցելով:
Բջջային օպերատորներից «Բիլայն Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Տաթև Այրումյանը մեզ հետ զրույցում միանշանակ հայտարարեց, որ իրենք որևէ տվյալ որևէ մեկին չեն տրամադրում:
«Ինքներս խիստ դեմ ենք նման գովազդային ակցիաներին ու հիմա անգամ հատուկ ծառայություն ունենք, որպեսզի մեր բաժանորդներն այդ սպամային և գովազդային հաղորդագրությունները չստանան: Մենք խիստ դեմ ենք այդ աշխատելաոճին:Մեր բաժանորդների մասին տվյալները խիստ գաղտնի ինֆորմացիա է, և այն որևէ կազմակերպության տրամադրելը օրենքին հակասող քայլ է»,-ասաց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ իրենց բաժանորդները կարող են հավաքել 0674454 կոդը և խուսափել նման հաղորդագրություններից:
«Նիկիտա մոբայլ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոհար Նահապետյանն էլ վստահեցրեց, որ իրենց հաճախորդներն օգտվում են իրենց բազայից: «Մեր բազան ստեղծում ենք տարբեր մեթոդներով, մենք կայք ունենք, որտեղ մարդիկ գրանցվում են, պատահական զանգերով չենք աշխատում, դա սպամ է»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ նման ծառայություններով մի քանի կազմակերպություններ են զբաղվում, և իրենք չեն կարող ասել, թե ինչպես են աշխատում այդ կազմակերպությունները: «Բայց հստակ կարող ենք ասել, որ մեր հաճախորդը, ով իր համաձայնությունը չի տվել, մեր կողմից հաղորդագրություն չի ստանում: Մենք մեծ գումարներ ենք ծախսում տարբեր մեթոդներով մարդկանց համաձայնությունն ստանալու համար, ու այն մարդիկ, ովքեր տալիս են իրենց համաձայնությունը, իրենց տվյալներն են տալիս, ընդգրկվում են մեր բազայում»,-ասաց Գոհար Նահապետյանը:
Մեր զրուցակիցները նաև ներկայացրին, թե ինչպես է ստացվում, որ բաժանորդը որևէ տեղ գրանցված չլինելով հանդերձ՝ ստանում է նման հաղորդագրություններ: Օրինակ՝ հնարավոր է, որ ինչ-որ խանութում զեղչերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հեռախոսահամար է թողնում, հետագայում այդ համարը տարբեր խանութներ կարող են տրամադրել իրար: Մյուս տարբերակը պատահականության սկզբունքով զանգեր կատարելն է և այլն:










