Խուճապ Air France-ի ինքնաթիռում. այն կարողացել է վայրէջք կատարել «Զվարթնոցում» միայն 2-րդ փորձից հետո

11:24 • 27.07.14

Ֆրանսիական Air France ավիաընկերության ինքնաթիռը, որը երեկ իրականացնելիս է եղել «Փարիզ-Երևան» չվերթը, կարողացել է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում միայն 2-րդ փորձից հետո։ 

Ինչպես հայտնում է Вести-ն, ականատեսների խոսքով, առաջին անգամ վայրէջք կատարելիս օդանավը թևով գրեթե հարվածել է գետնին։ Այն զգալի թեքվել է դեպի ձախ և շատ ուժեղ թափահարվել։ 

Ինքնաթիռի շասին դիպչել է ասֆալտին, սակայն այն չի կարողացել պահպանել հավասարակշռությունը։ Ուստի օդաչուն ստիպված է եղել նորից երկինք բարձրանալ, ինչի պատճառով անտեղյակ ուղևորների շարքում խուճապ է սկսվել։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ նրանք սկսել են բղավել, իսկ մի կնոջ ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ նա ուշագնաց է եղել։ Ավելի ուշ նրան անհրաժեշտ բուժօգնություն է  ցուցաբերվել։ 

Երկրորդ վայրէջքից առաջ ինքնաթիռն օդում պտտվել է մոտ 40 րոպե, սակայն վայրէջքի 2-րդ փորձի ժամանակ այն կրկին սկսել է թափ տալ։ Արդյունքում փոխադրամիջոցը վայրէջք է կատարել նախանշվածից 55 րոպե ուշացումով։

Tert.am-ին «Զվարթնոց» օդանավակայանից այս կապակցությամբ հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում կատարած վայրէջքի հարցում որևէ լուրջ խնդիր չի եղել։