Երևանի ճարտարապետական պատկերը պահպանելու հարցում միակ մխիթարանքը «Հին Երևանի» կառուցման խոստումների կատարումն է. հուշարձանագետ

23:00 • 27.07.14

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր մտահոգությունները մայրաքաղաք Երևանի ճարտարապետական պատկերը պահպանելու, ինչպես նաև «Հին Երևան» ծրագրի իրականացման իրատեսականության մասին՝ նշելով, որ ներկա պարագայում արդեն միակ մխիթարությունը կլինի այն, որ հին շենքերի ապամոնտաժման և նոր վայրում դրանք պահպանելու խոստումները կատարվեն։

-Աֆրիկյանների տան քանդմամբ հերթական ճարտարապետական կոթողը մոնտաժվեց՝ մայրաքաղաքում «Հին Երևան» նոր թաղամաս կառուցելու պայմանով։ Ինչպե՞ս եք գնահատում նմանատիպ քայլերը։

-Եթե տեղափոխվի այդ կոթողը, ես նորմալ եմ համարում։ Հին քաղաքների վրա նորը դնելով, իսկ Երևանի պարագայում այդպես է տեղի ունեցել, հինը պահպանել հնարավոր չէ, որովհետև քաղաքը զարգանում է։ Պետք է խելամիտ լինել ի սկզբանե։ Շատ ու շատ ժողովուրդներ իրենց մայրաքաղաքներում նոր քաղաքներ կառուցեցին, և գոյություն ուներ հին քաղաք և նոր քաղաք։ Մենք այդկերպ չենք վարվել, մենք ի սկզբանե մեծ սխալ ենք թույլ տվել, դա թամանյանական շրջանին է վերաբերում, և այդ հանճարեղ նախագիծը, որի մասին խոսք չկա, դրվել է հին քաղաքի վրա։ Մանավանդ մայրաքաղաքում իր բնական հունով քաղաքը զարգանում է և խժռում եղած չեղածը։ Մայրաքաղաքներում ամբողջ աշխարհում հողը շատ ավելի թանկ է, հասկանալի է, որ մեկ–երկու հարկանի շենքեր չեն կարող լինել, պետք է նոր շենքեր կառուցեն, պետք է քաղաքը զարգանա, իսկ այդ պարագայում հինը պահպանելն արդեն հնարավոր չէ։

-Ի՞նչ է մնում անել այդ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր կառուցել նորը՝ պահպանելով հինը։

-Մնում է միայն հենց այն տարբերակը, որ այդ խոստումները հիմք ունենան։ Այսինքն` մենք վաղը, մյուս օրը բոլորս միասին պետք է տեսնենք, որ իսկապես այդ նախագիծը իրականանա, որ հին Երևանի կարևոր շենքերը հավաքելով ՝ մի փոքր թաղամաս ստեղծեն։ Եթե գոնե այդ տարբերակն իսկապես մի օր իրականություն դառնա, մենք մխիթարված կլինենք, որովհետև չկա օրինակ, որ նոր քաղաքը հիմնել են հնի վրա և հինը պահպանվել է, նման բան չկա։
Հինը պահպանվել է Ռիգայի, Տալինի և շատ ուրիշ քաղաքների պարագայում, երբ նոր քաղաքը հիմնել են հնին կից, այլ ոչ թե հնի վրա։

-Աֆրիկյանների շենքի համար պայքարողները մտահոգություն են հայտնում, որ էլի կան ապամոնտաժված շենքեր, որոնք դեռևս որևէ տեղ չեն վերակառուցվել, Աֆրիկյանների տունը ևս կարժանանա այդ ճակատագրին։ Դուք նման մտահոգություն չունե՞ք։

-Դա արդեն հարցի մյուս կողմն է։ Կիրականանա՞ արդյոք այդ նախագիծը կամ ե՞րբ կիրականանա, չեմ կարող ասել։ Բայց միակ տարբերակը դա է, ես հաստատ համոզված եմ, որ Երևանում շատ քիչ հին շենքեր են մնալու, այն մի քանի շենքերը, որոնց վրա արդեն նոր հիմք են կառուցել, բայց հինը մի ձև պահել են, գուցե այդ տարբերակով կարողանան ինչ-որ բան պահել, բայց հիմա թե ինչքանո՞վ այդ խոստում տվողները տեր կլինեն իրենց խոստումներին, արդեն հարցի մյուս կողմն է։ Դա էլ արդեն ապագան ցույց կտա։

-Եթե մայրաքաղաք է, պետք է միայն բարձրահարկ շենքե՞ր լինեն, արդյո՞ք դժվար է ոսկե միջինը գտնել։

-Կարող են լինել մի 5-6 հարկանի շենքեր, բայց նոր շենքեր, ոչ թե խարխլված, հին, մեկ-երկու հարկանի շենքեր։ Երևանում շենքեր են քանդվել, որոնք մեկ հարկանի, աղյուսաշեն շենքեր էին։ Իհարկե, դրանք 100 տարվա կառույցներ էին և այդ իմաստով հնություն էին ներկայացնում, բայց ընդհանրապես մայրաքաղաքին անհարիր կառույցներ էին, խեղճություն էր բուրում այդ շենքերից։ Այսինքն՝ դրանց կառուցողները ժամանակին նվազագույն հնարավորություններով մի կերպ մի տուն են կառուցել, իսկ այսօրվա Երևանում, բնականաբար, այդ տեսակ շենքերը, երբ քանդում են, ես դրանց համար առանձնապես չեմ ափսոսում։ Ափսոսում եմ Աֆրիկյանների տան նման արժեքավոր ճարտարապետական նկարագիր ունեցող, ժամանակի ոգին արտահայտող շինությունների համար։ Հիմա միակ մխիթարությունն այն կլինի, որ խոստումները կատարվեն։

-Որպես հուշարձանագետ, ինչպե՞ս եք պատկերացնում ապագայում այդ հնի ու նորի համադրությունը, տարիների հետ ավելի չի՞ դժվարանում հինը պահպանելը։

-Մենք այնքան վարժ ենք նորը կառուցելուց հինը վերացնելու գործում, մենք այդ հինը խնայելու, պահպանելու փորձառությունը և անցյալը չունենք, և գոնե լավ կլիներ գոնե ապագայի համար, իհարկե Երևանի դեպքում արդեն հնարավոր չէ, բայց գոնե ավելի փոքր բնակավայրերի պարագայում հնարավոր լինի հնի կողքին նորը զարգացնել։ Գորիսը, որ ունի իր ուրույն նկարագիրը, գուցե վաղը Գորիսն էլ է զարգանում, և մի հանճարեղ նախագիծ, ինչպես Թամանյանինն էր, բերեն և դնեն Գորիսում, հերն անիծած Գորիսի, ինչպես հերն անիծեցին Երևանի։ Ես ընդամենը կուզեի, որ գոնե ապագայում մենք այդ սխալները թույլ չտանք, որոնք թույլ ենք տվել։