Քուվեյթի նվիրատվությամբ կառուցվող՝ անկողնային խնամքի կարիք ունեցող տարեցների մասնաշենքը պատրաստ կլինի 2015թ.Սոցապ նախարարություն

00:00 • 27.07.14

Ընթացող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով օգոստոսի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ու Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին այցելել են «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»։  Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2014թ. մայիսի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը և Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում շինարարական աշխատանքների կատարման համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության մասին պայմանագիր:

Պայմանագրով նախատեսված էր տուն-ինտերնատի անկողնային խնամքի կարիք ունեցող բնակիչների համար կառուցել նոր մասնաշենք, որը հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով և կահավորմամբ, որտեղ պատշաճ ձևով կիրականացվեն շահառուների սոցիալ-կենցաղային սպասարկման, խնամքի և բժշկական օգնության ծառայությունները: Այս նպատակով նախատեսվում էր, որ Քուվեյթը կնվիրաբերի 1 մլն դոլար։   

Մասնաշենքի շինարարական աշխատանքները կավարտվեն 2015թ.: