Քաղաքային տոն ու պարզ խնջույք՝ Վարդավառը մայրաքաղաքում ու մարզերում. ազգագրագետն ու քահանան տոնի մասին
Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը, այս տարի տոնվում է հուլիսի 27-ին՝ այսօր։ Տոնը շարժական է, նշվում է Սբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում և քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն՝ որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ:
Տոնի խորհրդի և տարիների ընթացքում վերափոխումների մասին Tert.am-ը զրուցեց ազգագրագետ Գոհար Ավետիսյանի հետ։ Վերջինիս ներկայացմամբ՝ Վարդավառը ամառային արևադարձի տոների շարքին է դասվում, այսինքն՝ նշանավորում է արևի հաղթական երթի ավարտը, որից հետո արեգակը գնում է դեպի անկում։ Այս տիպի ամառային արևադարձի տոներին շատ բնորոշ է ուրախությունը, ազատությունը, հարաբերությունների ազատությունը, առօրյա կարգի խախտումը և այլն։ Նաև բերքի հարստացումն է խորհրդանշում տոնը։
«Տոնի մասին, եթե շատ ընդհանուր գծերով խոսելու լինենք, երկու կարևոր տարրեր ակտիվ դերակատարություն ունեն այս տոնին, մեկը ջուրն է, մյուսը՝ կրակը, քանի որ հնում ավանդություններ կային կրակի հետ կապված, մասնավորապես՝ գիշերային խարույկահանդեսներն էին շատ ընդունված հատկապես՝ երիտասարդների կողմից կազմակերպվող։ Որոշ տեղերում Վարդավառն առիթ էր դառնում նաև առաջին անգամ խնձոր ուտելու, որովհետև մինչև Վարդավառ խնձորի պաս էին պահում, և առաջին անգամ խնձորը ճաշակվում էր հենց Վարդավառին»,- ասաց նա։
Հարցին, թե տարիների ընթացքում ինչ փոփոխությունների է ենթարկվել տոնը, և թե այսօր ինչպես է այն տոնվում, ազգագրագետը պատասխանեց. «Նախախորհրդային և խորհրդային տարիների մասով կարող ենք ասել, որ սա այն տոներից մեկն է, որը չմոռացվեց ամբողջապես։ Ավանդական Վարդավառից շատ արարողություններ, խաղեր շատ դեպքերում մոռացվել են, բայց հիմնականում այս տոնը թեկուզ միայն ջրախաղերի տեսքով շարունակեց իր կենսունակությունը և՛ խորհրդային շրջանում, և՛ մեր օրերում, իսկ մեր օրերում կարելի է ասել, որ հատկապես երիտասարդության շրջանում տեսնում ենք ավելի մեծ աշխուժացում։ Եթե նախկինում ավելի թաղային բնույթ էր կրում, այսօր արդեն գոնե Երևանի մակարդակով քաղաքային բնույթ է ստացել տոնը»։
Գոհար Ավետիսյանը նաև նկատեց, որ հատկապես շրջաններում փոփոխություններ կան, երբ նախկինում Վարդավառը տոնում էին բաց, սարերում, այսօր այն վեր է ածվել տոնակատարության։ Այն ավելի շատ խնջույքի առիթ է դարձել, երբ անգամ դրսում գտնվող ընտանիքի անդամները պլանավորում են Հայաստան գալ հենց Վարդավառի տոնին և իրենց Հայաստան այցելությունը համընկեցնում են տոնի հետ։
«Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում միշտ շուքով է տոնվել՝ պայմանավորված Սևանա լճի գործոնով»,- ասաց նա, իսկ Երևանում տոնին նկատված աշխուժությունը առանձնացվեց հարաբերությունների անկաշկանդությամբ, ազատությամբ. «Տոնի զարգացումը ես տեսնում եմ ավելի շատ մայրաքաղաքում։ Գյուղական բնակավայրերում ավելի շատ տոնը վեր է ածվել պարզ խնջույքի՝ կորցնելով տոնին բնորոշ որոշ տարրեր»։
Նշենք, որ միաժամանակ տոնի արմատները գնում են մինչև հեթանոսական ժամանակներ: Հնում Վարդավառի տոնը կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառին մեծ տոնակատարություններ էին կատարվում, Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում:
Մեզ հետ զրույցում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն էլ պատմեց, թե ինչպես է Հիսուս Քրիստոս բարձրացել Թաբոր լեռն ու իր ամենօրյա աղոթքների շնորհիվ լուսավոր կերպարանք առել:
«Հիսուսը բացահայտեց իր աստվածային փառքը, աստվածային զորությունը: Այստեղ են լինում նաև նրա աշակերտներից, որոնք վերջնականապես համոզվում են, որ Քրիստոսը Աստծո որդին է: Տոնը Վարդավառ է կոչվում այն բանի համար, որ համեմատվում է վարդի կոկոնի հետ, որի մինչև բացվելը չենք իմանում, թե ինչ գույն ու տեսք է ունենալու: Այդպիսին է նաև Հիսուս Քրիստոսը»,- ասաց քահանան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, այս տարի Վարդավառը տոնվելու է յուրահատուկ. հայ երիտասարդությունը հնարավորություն կունենա ծանոթանալու տոնի իրական արմատներին՝ «Վարդավառ միջազգային փառատոնի» շնորհիվ: Այս փառատոնի գաղափարը պատկանում է «Երիտասարդ ակումբների դաշնության» (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանին։ Փառատոնը կանցկացվի Գեղարդում և Գառնիում:










