Վարդավառի ամենամարդաշատ միջոցառումը`Կարապի լճի տարածքում
Վարդավառի տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներից գլխավորն ու ամենամարդաշատը Կարապի լճի տարածքում էր։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այսօր առավոտյան նաև օրվա խորհրդին համահունչ փոքրիկ դույլեր են բաժանվել:
«Կարապի լիճը յուրօրինակ ջրամբարի էր վերածվել` ջրի անսպառ պաշար ապահովելով հավաքված մեծ ու փոքր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի, ինչպես նաև նրանց հետևող անցորդների համար: Ջրառատ այս տարածքում ներկաների տոնական տրամադրությունն ու ուրախ ժամանցը մինչև երեկո կապահովեն ինչպես Երևանին նվիրված, այնպես էլ այլ երգերն ու տոնական ուրախ երաժշտությունը:
Իսկ ՀՀ ԱԻՆ հրշեջ մեքենաներից արձակվող ջրաշիթերը միայն ադրենալինի հավելյալ չափաբաժին ապահովելուն էին միտված»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում։










