Ես հանճար եմ. Լ. Չիբուխչյանը սրանով է ուզում ընդգծել Ադրբեջանից ապաստան հայցելու իր քայլի ողբերգականությունը
Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, ՀՀԿ-ական Լյուբիկ Չիբուխչյանը, ով հունիսի 10-ին քաղաքական ապաստան ստանալու համար դիմել էր Ադրբեջանին, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ քաղաքական ապաստան հայցեց հենց Ադրբեջանից, ասաց, որ 12 անգամ դիմել է Նախագահին և Ադրբեջան գնալու մտադրությամբ ցանկանում է ընդգծել, որ ավելի է վստահում թշնամու երկրին՝ չնայած 21 երկրից հրավեր ունի։
-Պարոն Չիբուխչյան, ինչո՞ւ Ադրբեջան:
-Ես 12 անգամ դիմել եմ մեր Նախագահին, չպատասխանեց։ Ես տպագրեցի 13-րդը, որ ժողովուրդը տեղեկանա, թե Նախագահը ինչո՞ւ չի կարդում: Սրանով ցույց եմ տալիս, թե իրենք եթե չեն կարդում, Ադրբեջան գնալն ավելի ճիշտ ա: Ցանկացած երկիր... Ադրբեջանը զայրույթ ա, որպեսզի թշնամու մոտ լինեմ, որ տեսնեն, որ նրան ավելի եմ վստահում, քան թե իրան: Ես պարտավոր էի այդ քայլը անել, որ նա վախի, որ կգնամ: Չի վախում, ասում է՝ ինչ ուզում ես, արա:
-Բայց սա էմոցիոնալ ինչ-որ որոշո՞ւմ էր, թե՞ իրոք ցանկանում եք գնալ Ադրբեջան:
-Ես հանճարեղ մարդ եմ, հանճարը ո՞նց կարող է էմոցիոնալ որոշումներ ընդունի: Ես երեք տարեկանից գրած երկու այբուբեն եմ մոտս պահում, ես մշակույթի վաստակավոր գործիչ եմ, Ուկրաինայից Հայաստանի տարվա լավագույն մարդ եմ ճանաչվել, վերջը… Ես դա մտածված կերպով եմ արել, ցույց եմ տվել, որ 12 նամակ գրելուց հետո, որ մեր Նախագահը չպատասխանեց… Ես կարամ գնամ Կանադա, 21 երկրից հրավեր ունեմ, բայց ես դրանով հո չե՞մ գնում Ադրբեջան, ես դրանով ցույց եմ տալիս, որ թշնամի…
-Թշնամի եք Հայաստանի՞ն, թե ՀՀ իշխանություններին:
-Իմ արև, չեն հասկանում, էն օրը մի հատ լրագրող է եկել, ասում է՝ Դուք ձեզ դավաճան համարո՞ւմ եք։ Ասում եմ՝ քեզ կտամ կսպանեմ, դու առանց իմ կենսագրությունը կարդալու... Առանց հասկանալու չպետք է քննողը քննվողին նման հարցեր տա: Ես ութ անգամ Ղարաբաղ եմ եղել, տոկոսով փող եմ վերցրել, Ղարաբաղին օգնելու համար:
-Դուք, այսինքն, մտածում եք, որ Ադրբեջանում մտածում են, որ Դուք հանճա՞ր եք: Հնարավոր համարու՞մ եք, որ Ձեզ խոշտանգումների ենթարկեն:
-Անպայման, չի բացառվում: Բայց ես ուղղամիտ մարդ եմ, ես Արտաշես Գեղամյանը չեմ, որ... Բայց դե Նախագահը մեր անվտանգության երաշխավորն է, հլը Ադրբեջանի հարցը հանի, Նախագահն ինչո՞ւ չի պատասխանում: Ինչո՞ւ է թողնում հասարակ մարդուն հալածեն, տամոժնիկին վերցնում ա, մարզպետ դնում, ոչխարների մեջի ակադեմիկոսին է վերցնում, թե չեմ ուզում աշխատեմ հետը:
-Լավ, տամոժնի՞կն է պատճառը, որ նեղացած գնում եք Ադրբեջան:
-«Ադրբեջան» բառը հլա հանենք: 12 անգամ ոսկի մեդալ ունեցող մարդը, աշխարհի ամենահանճարեղ մարդը նամակ է գրում, չեն պատասխանում, 12 անգամ լռում են, դավաճանը ե՞ս եմ, թե՞ ինքը:
-Այսինքն՝ եթե Ադրբեջանը Ձեզ ընդունի, չե՞ք գնա:
-Սա հիմա հեռախոսային չէ, Դուք ինձնից լավ գիտեք ու էրեխուն, որ ասում ես՝ կտամ, կսպանեմ, հո չե՞ս տալիս, սպանում:
-Իսկ Ադրբեջանից Ձեզ հրավեր եղե՞լ է:
-Չէ, մամուլում են գրում ըտենց:
-Բա Նաիրա Զոհրաբյանից ու Արմեն Մարտիրոսյանից ի՞նչ խնդրանք ունեք, իրենց նամակ եք գրել, որ մենակ իրենց եք վստահում:
-Դե հիմա, կոպիտ ասած, ուզում եմ, որ նրանք կանխեն, որ եթե նրանք հրավեր տան, չգնամ, էլի:










