Սեն Արևշատյանի հիշատակը կապրի մշտապես. գիտնականի հոգեհանգստին ներկա էին նաև ՀՀ նախագահները (տեսանյութ)

20:04 • 28.07.14

Անվանի գիտնական, հայագետ, ակադեմիկոս, փիլիսոփա, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցավ այսօր՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:


Գիտնականին հրաժեշտ տալու էին գնացել ՀՀ առաջին և երրոդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, ինչպես նաև՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, մտավորականներ և այլոք:


«Մի ամբողջ գերդաստանի շարժման առաջնորդ: Նրա արածը հսկա վաստակ է, և դա, անշուշտ, հայ մատենագրության մեջ կապրի մշտապես: Նրա ուղղությունը բազմաշերտ էր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մանսուրյանը:


«Մենք Մեծ գիտնական կորցրեցինք, մեծ հայ, մեծ մտավորական: Ես կարծում եմ, որ նա իր աշխատություններով կմնա հայ մատենագրության մեջ: Այնքան մեծ է կորուստը, որ մենք դեռ չենք էլ գիտակցում կորստի ահռելիությունը»,-ասաց լեզվաբան, հեռուստահաղորդավար Արտեմ Սարգսյանը: