Բրիտանական անձնագրային ծառայությունը գործադուլ է սկսել
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության անձնագրային ծառայության աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝ գործադուլ հայտարարելով: Դրա կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք պահանջում են աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև դեմ են հանդես գալիս աշխատատեղերի կրճատման քաղաքականությանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Գործադուլը տեղի է ունենում ամառային արձակուրդների թեժ շրջանում, երբ հարյուր հազարավոր բրիտանացիների արտասահման մեկնելու համար փաստաթղթեր են անհրաժեշտ: Անձնագրեր տրամադրելուն է սպասում մոտ 450 հազար մարդ:
Ներքին գործերի նախարարությունն արդեն ներկայիս գործադուլն անվանել է «անպատասխանատու» և «արձակուրդի մեկնողների համար վտանգ ստեղծող»:
Կազմակերպիչներն, իրենց հերթին, հայտարարում են, որ ստիպված են եղել այդ քայլին դիմել, քանի որ Ներքին գործերի նախարարության ղեկավարությունը երկար ժամանակ չի լսել իրենց պահանջները: «Մենք ամիսներ շարունակ զգուշացնում էինք, որ ծառայությունում չկան բավականաչափ աշխատակիցներ անձնագրեր պատրաստելու և տրամադրելու համար, սակայն ՆԳՆ-ի ղեկավարությունը մեզ չէր լսում»,- հայտարարել է հասարակական և առևտրային ծառայությունների արհմիության ներկայացուցիչ Ռիչարդ Սիմքոքսը:










