Ռուս պատգամավորը Դեպարդիեին առաջարկել է զարգացնել գինեգործությունը Ղրիմում
ՌԴ Պետդումայի պատգամավոր Իգոր Զոտովը դիմել է Ղրիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովին՝ առաջարկելով քննարկել գինեգործության հանրապետական հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ակնկալվում է, որ այդ մարմինն է որոշելու գինեգործության զարգացման ռազմավարությունը, գինու շուկայի կարգավորման հարցերը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել Ղրիմի հողերը:
Պատգամավորի խոսքով՝ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն համապատասխան թեկնածու է նման հանձնաժողով ղեկավարելու համար, քանի որ բնության, կանացի գեղեցկության և աստվածային խմիչքի իրական գնահատող է:
«Այսօր Ժերարը ոչ միայն ֆրանսիական կինեմատոգրաֆի, այլև ռուսական ոգու խորհրդանիշ է: Շրջանի համար օգտակար կլիներ, եթե գինեգործության աշխարհահռչակ փորձագետը ղեկավարեր պետական կառույցը»,-ասել է Զոտովը:
Ղրիմի գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Պոլյուշկինը հուլիսին հայտարարել էր, որ հանրապետությունում գինեգործության զարգացման համար տրամադրվելու է 310 մլն ռուբլի:
Նախատեսվում է, որ թերակղզում մինչև 2020-ը 140 հա խաղողի այգի է տնկվելու:










