Դոնեցկի ապստամբները հայտարարել են, որ կորցրել են գյուղի վերահսկողությունը, որտեղ գտնվում են Boeing-ի բեկորները

18:00 • 28.07.14

Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ Շախտերսկ և Տորեզ գյուղերի շրջակայքում շարունակվող մարտերի հետևանքով իրենք կորցրել են Ռասսիպնոյե գյուղի վերահսկողությունը, որտեղ գտնվում են մալայզիական ավիաուղիների Boeing 777 վթարված ինքնաթիռի բեկորները, գրում է kommersant.ru-ն:


«Ռասիպնոյեի մոտակայքում մարտը շարունակվում է, կողմերը կիրառում են ավտոմատ զենք և տանկեր: Գյուղի ամբողջական վերահսկողություն մենք այժմ չունենք»,- հայտարարել է ապստամբների ներկայացուցիչը:


Միևնույն ժամանակ ապստամբների շտաբի ղեկավար Իգոր Իվանովը Ուկրաինայի Ազգային գվարդիայի կորուստները բնութագրել է որպես «հսկայական»: «Ես այժմ չեմ էլ համարձակվում դրանք հաշվել»,- ասել է նա։


Ավելի վաղ այդ շրջանում տեղի ունեցող մարտերի պատճառով միջազգային փորձագետների պատվիրակությունը երկու անգամ չէր կարողացել մոտենալ ինքնաթիռի ընկնելու վայրին և սկսել իր աշխատանքը: