Նախարարությունը պետք է մերժի Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, այն թերի է. Ինգա Զարաֆյան
Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ լսումներին մասնակցելուց հետո մի խումբ բնապահպաններ եզրակացություն են կազմել՝ ուղղելով բնապահպանության նախարարությանը, որ նախագիծը պետք է մերժել, քանի որ թերի է: Այս մասին Tert.am-ին ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։
«Նախարարությանը գրել ենք, որ պրոյեկտը պետք է մերժել, քանի որ թերի է, և պետք է ներկայացվի նոր նախագիծ, որը կենթարկվի պարտադիր փորձաքննության»,-նշեց նա։
Իսկ թե ինչ խնդիրներ են տեսել՝ բնապահպանը հակադարձեց, թե ո´չ իրենք, ո´չ էլ՝ մեկ ուրիշը չպետք է փորձի հասկանալ՝ խնդիր կա՞, թե՞ ոչ, պետք է նախագծում այդ ամենն արտացոլված լինի։
«Հնարավոր բոլոր խնդիրները նախագծում պետք է արտացոլված լինեն, զրոյից նկարագրված լինի և տա բոլոր հարցերի պատասխանը։ Եթե մենք գիտենք, որ այդ սարի վրա աղբյուրներ կան, ու այդտեղից է խմելու ջուրը գալիս, պետք է նշված լինի, թե ինչ ազդեցություն կունենա հանքի շահագործումը այդ աղբյուրների վրա, կունենա՞, թե՞ չի ունենա։ Իսկ եթե նախագծում խնդիրը նկարագրված չէ, ուրմեն նախագիծը թերի է, մանավանդ՝ ոսկու հանքի դեպքում»,-նշեց նա։
«Մենք գիտենք, որ հանքերի շահագործումը մեծ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, մանավանդ՝ աղբյուրների վրա, որովհետև մեր աղբյուրները շատ որակյալ ջուր են պարունակում, որակյալ ու թանկարժեք, որը ոչ մի ոսկի չարժի, չհաշված առողջության վրա ունեցած ազդեցությունը, իսկ եթե այդ ամենը նախագծում չկա, ուրեմն՝ նախարարությունը պետք է զբաղվի դրանով»,-նշեց նա։
Մինչդեռ ըստ բնապահպանի՝ նախարարության պատասխանը հստակ չէ. «Նախարարությունն ի՞նչ է պատասխանում, ո´չ թե ասում է՝ թերի է, այլ ասում է՝ մի քիչ սեղմ է, և պետք է պահանջենք, որ լայնածավալ լինի։ Հետո ավելացնում է՝ բայց հասարակական քննարկումներ չեն լինի։ Չհասկացա, եթե լնախագծում ակնհայտ ռիսկեր պարունակեն, էդ ո՞նց կլինի, որ հասարակական լսում պետք չլինի։ Եթե տեսնում եք՝ ռիսկ կա, պետք է ուղղակիորեն մերժեք, ո´չ թե ասեք՝ լրացնել»։










