Մոլդովան դիմել է Համաշխարհային բանկ` ֆինանսական աջակցության համար
Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանք արտահանելու արգելքից ագարակատերերի կորուստները փոխհատուցելու համար Մոլդովան ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել է Համաշխարհային բանկ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Մոլդովական կառավարության պատվիրակությունը երկրի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար Վասիլի Բումակովի գլխավորությամբ այսօր արդեն մեկնել է Վաշինգտոն:
ԱՄՆ մեկնելուց առաջ նա լրագրողներին հայտարարել է, որ կառավարությանն անհրաժեշտ է մոտ 20 միլիոն դոլարի վարկ՝ ֆերմերներին սուբսիդավորելու ֆոնդը մեծացնելու համար:
Առաջին հերթին այդ օգնությունը հարկավոր կլինի խնձոր արտադրողներին, ովքեր Ռուսաստան այդ ապրանքի երկրորդ մատակարարն էին Լեհաստանից հետո:
Ֆերմերային տնտեսությունների շրջանում սնանկություններից և բողոքի ակցիաներից խուսափելու համար, որոնք արդեն սկսվել են մի քանի քաղաքներում, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն դիմել է բանկերի և էներգետիկ ընկերությունների ղեկավարներին՝ խնդրելով հետաձգել ֆերմերային տնտեսությունների համար վճարումները: «Ոչ մեկ չի շահի սնանկությունների ալիքից»,- ասել է նա:










