Բարաք Օբաման և ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջում են անհապաղ զինադադար կնքել Գազայում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին անհապաղ համաձայնեցնել Գազայի հատվածում կրակի դադարեցման պայմանները, հայտնում է Газета.ru-ն։
Կազմակերպությունում բացատրել են, որ հումանիտար զինադադարը, առաջին հերթին, անհրաժեշտ է շրջանի խաղաղ բնակիչներին օգնությամբ ապահովելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում պահանջել է «անհապաղ և անվերապահորեն դադարեցնել կրակը»։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան հրապարակած հայտարարությունում։
Նախագահը կրկին ընդունել է «Համաս»-ի հարձակումներից և հրթիռակոծումներից Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»։ Միևնույն ժամանակ նա արտահայտել է «ԱՄՆ-ի լուրջ և աճող մտահոգությունը»՝ մեծ թվով զոհերի և «Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատացման վերաբերյալ»։
Բարաք Օբաման ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկարաժամկետ լուծման պայմանը պետք է դառնա ահաբեկչական խմբավորումների զինաթափումը և Գազայի հատվածի ապառազմականացումը։










