Լևոն Հայրապետյանին սատարող երևանյան երթին կմասնակցեն նաև նրա համագյուղացիները

12:59 • 28.07.14

Գործարար Լևոն Հայրապետյանի ծննդավայր Վանք գյուղի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հաղորդեց, որ իրենց համագյուղացիները մասնակցելու են հուլիսի 31-ին Երևանում ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի կազմակերպվելիք ակցիային:


«Գյուղացիները մասնակցելու են Լևոն Հայրապետյանի ազատության համար անցկացվող ակցիային»,-ասաց գյուղապետը:


Հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են գյուղում՝ Անդրեյ Սարգսյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է լինել մեր տրամադրությունը, եթե մեր բարերարին, գործարարին, մեր ազգի համար ամեն ինչ արած մարդուն ձերբակալել են, նա ազատության մեջ չէ: Մեր տրամադրությունը վատ է, շատ տխուր ենք»,- ասաց Վանքի գյուղապետը:


Նշենք, որ Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ «Ազատություն մեծ հայրենասեր, ազգասեր ու բարերար Լևոն Հայրապետյանին» խորագրով երթը տեղի կունենա հուլիսի 31-ին, ժամը 17-00-ին՝ Ազատության հրապարակից դեպի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:


Այդ պետական կառույցներին կհանձնվեն հայտարարություններ: