Սաակաշվիլին հարցաքննության դարձյալ չի ներկայացել

14:10 • 28.07.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դարձյալ չի ներկայացել երկրի գլխավոր դատախազություն՝ հարցաքննության:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online կայքը, այդ կապակցությամբ գերատեսչությունը, հավանաբար, հայտարարություն կտարածի:
 

Նախկին նախագահը հարցաքննության էր կանչվել այսօր` ժամը 11:00-ին, մասնակցելու քննչական գործողություններին: Թե ինչ հարցով էին նրան պատրաստվում հարցաքննել, հայտնի չէ:

 

Սաակաշվիլին դատախազություն է կանչվել արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ նա գերատեսչություն պետք է այցելեր մարտի 27-ին:

Համաձայն այն ժամանակ դատախազության տարածած հաղորդագրության՝ Սաակաշվիլին հարցաքննվելու էր մի քանի գործերով՝ որպես վկա: Սակայն նա չէր գնացել: Սաակաշվիլին հրաժարվել էր նաև հեռակա հարցաքննությունից: