Տավուշի սահմանամերձ գյուղերում ցորենը գրեթե հավաքել են, չնայած կրակել են նույնիսկ «Կարմիր խաչի» մեքենայի ուղղությամբ. մարզպետ

12:35 • 28.07.14

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ցանքատարածությունների ցորենի հիմնական բերքը հավաքվել է, չնայած սահմանին կրակոցները չեն դադարում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։


«Սահմանապահ գյուղերում, իհարկե, լարվածություն կա, և հիմնականում հացահատիկային դաշտերի բերքահավաքի ժամանակ են սկսվում սահմանին կրակոցները, ուղղակի այս տարի ինչ-որ չափով ագրեսիվ են մեր հարևանները։ Երեկվա դրությամբ՝ ամբողջ հացահատիկային կուլտուրաների 6 100 հա-ից արդեն հավաքել ենք 5 400հա-ը »,- նշեց նա։


Մարզպետը հիշեցրեց, որ ավելի վաղ դիմել էին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակ՝ ադրբեջանական կողմից կրակոցները բերքահավաքի շրջանում կանխելու հայցով, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունը չի գործել։ ««Կարմիր խաչը» հուլիսի 26-ին եղել է Տավուշի մարզում՝ Չինարի համայնքի հատվածում, նրանք ձեռք էին բերել նախնական պայմանավորվածություն ադրբեջանական կողմի «Կարմիր խաչի» հետ, որպեսզի կրակոցներ չլինեն, բայց դա էլ չօգնեց, էլի երեկոյան ժամը 19։00-ին կրակեցին և՛ «Կարմիր խաչի» մեքենաների վրա, և՛ գյուղտեխնիկայի վրա»,- ասաց նա։


Հովիկ Աբովյանը նշեց, որ կրակոցները սկսվելուն պես աշխատուժին ու գյուղտեխնիկան դաշտից դուրս են բերել և տուժածներ չեն եղել։


Մարզպետի խոսքով՝ չնայած վտանգին, բերքը աստիճանաբար հավաքում են. «Լրիվ հավաքելու ենք, ոչ մի հատիկ չի մնալու դաշտերում»։


Այս ամենին զուգընթաց, ըստ նրա՝ գյուղում խուճապ չկա. «Հո առաջին անգամ չեն կրակոցները, միշտ էլ լինում են, բոլորն էլ հասկանում են, որ պատերազմը չի վերջացել, ընդամենը սառեցվել է, կրակոցներ միշտ էլ եղել են, այսօր էլ կան ու ոչ ոք էլ չի կարող երաշխիք տալ, որ վաղը, մյուս օրը չի լինի»,- ասաց նա։


Մարզպետը խոսելով սահմանապահ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու պետական ծրագրերից՝ նախ հիշեցրեց, որ որոշակի արտոնություններ արդեն իսկ տրված են Կառավարության կողմից և բնակիչները հողի հարկ, գույքահարկ չեն վճարում։ «Հիմա քննարկումներ է գնում նորից հարկային արտոնությունների մասին, ամբողջ տարածաշրջանի սահմանամերձ տարածքների համար, այնպես որ ԱԺ-ի առաջիկա նիստում կքննարկվի այդ հարցը։ Հարկային արտոնությունը նկատի ունեմ, որ գործարարները եթե աշխատեն այդ սահմանամերձ տարածքում՝ հարկեր չեն վճարելու, միայն եկամտահարկ են վճարելու, ավելացրած արժեքի հարկ չեն վճարելու»,- նշեց նա։