Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռը խփվել է. ՄԱԿ
Malaysia Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը խփվել է Ուկրաինայի արևելքում, որտեղ շարունակվում են ապստամբների և կառավարական ուժերի միջև մարտերը, և դա կարող է գնահատվել որպես պատերազմական հանցագործություն: Այդ մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլայը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Մալայզիական ավիաուղիների ինքնաթիռը խփվել է հուլիսի 17-ին, անմիջապես այս զեկույցի համար տվյալների հավաքագրման ավարտի ամսաթվից հետո»,- հաղորդել է Պիլայը՝ ներկայացնելով Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին զեկույցը:
Փաստաթուղթը պատրաստել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի մոնիթորինգային առաքելությունը և ընդգրկում է հուլիսի 8-15-ն ընկած ժամանակահատվածը:
«Հաշվի առնելով գերակայող հանգամանքները՝ միջազգային իրավունքի այդ խախտումը կարող է գնահատվել որպես պատերազմական հանցագործություն»,- ընդգծել է գերագույն հանձնակատարը՝ կոչ անելով անցկացնել մանրամասն և անկախ հետաքննություն:
Հիշեցնենք, որ օդանավն իրականացնում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը։ Զոհվել է 298 մարդ։










