Ցեղասպանության 100-ամյակին հայ ռեժիսորները ստանդարտից դուրս ասելիք պիտի ունենան. Միքայել Պողոսյան
Tert.am-ի հետ զրույցում դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, Հայաստանի վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանն անդրադառնում է մի շարք հարցերի. մասնավորապես, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ինչ ասելիք պետք է ունենան աշխարհի հայ արվեստագետները, ռեժիսորները։ Նա նաև անդրադառնում է հայ կինոյի ասելիքներին ու արծարծվող բազմաթիվ այլ հարցերի:
-Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է առջևում, ի՞նչ ասելիք պետք է ունենան աշխարհին հայ արվեստագետները և ռեժիսորները:
-Սա այն թեման է, այն պատմությունը, որ չի կարող որևէ հայ ընդհանրապես անտարբեր մնալ, դերասանների ձեռքում ի՞նչ կա, պետք է սցենար լինի, առաջարկ և այլն, ավելի շատ խոսքը նախ պետական միտումի մասին է, որ, անպայման, պետք է հասկանան, որ այս թեմայով ոչ միայն այս տարվա հետ կապված, այլ ընդհանրապես այս թեման պետք է վերածվի կինոժապավենի, մեկնաբանությունների: Բայց ավելի լուրջ մեկնաբանության, քան ջարդը, արյունը և այլն: Ավելի ժամանակակից մոտեցում է պետք ունենալ, որը, կարծում եմ, այսօրվա օրով չկա ու եթե այսօրվա օրով ինչ-որ բան արվում է, ապա արվում է ծեծված: Նկատի ունեմ նույն իտալացիների արած ֆիլմը («Արտույտների ագարակը» – Tert.am ), չնայած, իհարկե, արձագանքին, որ ամեն դեպքում, տարածվում է աշխարհով մեկ, մարդիկ նայում են, որ սենց բաներ են պատահել: Բայց մենք արդեն վեր ենք, ինքներս՝ հայերս, պետք է այդ ամենը մեկնաբանենք այլ կերպ:
-Այսինքն՝ նկատի ունեք «էլիտար կինո» ասածի շրջանակներում:
-Ոչ թե էլիտար, այլ մեկնաբանության տեսակետից, որովհետև սա առաջինը հոգեբանական կինոֆիլմ պետք է լինի, քան արյունաշատ… այսինքն՝ ստանդարտներից դուրս պետք է լինի: Ես ինքս փորձում եմ մի 10-15 րոպեանոց ֆիլմի վրա աշխատել ու եթե կարողանամ գումարներ հայթայթել, կնկարահանեմ: Խոսքը մի ֆիլմի մասին է, որը մի քանի ժանրերի խառնուրդ է լինելու, եթե, իհարկե, կարողանամ իրականություն դարձնել: Համենայն դեպս, համարում եմ, որ ամեն մի գիտակից հայ ստեղծագործող պիտի փորձի էդ թեմայի շուրջ արտահայտվի:
- Եթե գրողներից պահանջվում է հենց այս պահին քաղաքացիական հասունություն, ռեժիսորներինն ավելի «երկարատև» է, այսինքն՝ պահանջվում է կինո: Ձեր կարծիքով, ռեժիսորներն էլ մեր երկրի քաղաքացիական անցուդարձին արձագանքո՞ւմ են, թեկուզ անձնական մակարդակով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, չեմ ասում՝ ֆիլմ նկարահանել:
- Ո՛չ, չեն արձագանքում, կինոներ են նկարում իրենց անձնական խնդիրների մասին, որոնք չեն կարող դառնալ համամարդկային, էլ չեմ ասում՝ հային հարիր: Նրանք նկարում ենք իրենց կոմպլեքսների մասին, որոնք թափում են հանդիսատեսի վրա: Եվ դա ո՛չ հայի համար է, ո՛չ ընդհանրապես որևէ ազգի ներկայացուցչի, ո՛չ փառատոնի համար: Նկարվում են ֆիլմեր, որոնք երկու-երեք օրից հետո դնում են չգիտեմ ո՞ր դարակի մեջ: Այ, սրա մասին է խոսվում, որ ֆիլմերի ճիշտ ընտրության չկա: Պատասխա՛ն չեն տալիս չկայացած ֆիլմի ռեժիսորներն իրենց արածի համար: Երկու տարի հետո էլի մի հատ տենց անորակ բան նկարում, էլի հնարավորություն են ստանում նկարելու:
-Հայաստանն այսօր դժվարագույն օրեր է ապրում՝ սահմանի այդ վիճակը, ծանր աշխարհաքաղաքական ընտրության առաջ է կանգնած՝ ինչպես 100 տարի առաջ, ամբողջ աշխարհը նույնպես դինամիկ փոխվում է: Ի՞նչ եք կարծում՝ մեր կինոն արձագանքո՞ւմ է այդ խնդրին:
- Այսօր մեր կինոն առաջին հերթին պետք է արձագանքի, պետք է խոսի բարձր ու մեծ բաների մասին, պետք է հանդիսատեսին բարձրացնել: Այսօր առաջին հերթին պետք է խոսել դրական բաների մասին: Մենք այն պետությունը չենք, որ մեզ թույլ տանք և՛ սրա մասին նկարենք, և՛ նրա մասին: Չենք կարող մեզ թույլ տալ «Նիմֆոմանկայի» պես ֆիլմ նկարել: Այսինքն՝ այսօր հեռուստատեսությունը, կինոն պետք է կարողանա այսօրվա ապրող հային ինչ-որ սփոփանք տալ, որովհետև անբարոյական մի անկման մեջ ենք այսօրվա օրով, ժողովուրդը տագնապային վիճակ է ապրում, և պետք է այսօրվա կյանքով ապրենք, հասկանանք, թե հանդիսատեսին ինչ է պետք: Ոչ թե պետք է հանդիսատեսի հետևից գնալ և նրան բավարարել էժանագին կոմեդիաներով կամ սերիալներով, այլ այն կարևոր բաների մասին խոսենք, որ մարդը մի քիչ ավելի պնդանա, հավատն ավելի վերականգնվի: Շատ կարևոր է այսօր այդ ընտրությունը, սցենարը, և դա առաջին հերթին մշակույթի նախարարությունը պետք է հասկանա, գիտակցի:
- Յուրաքանչյուր մրցութային գործընթացում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնչում են դժգոհություններ, «Ոսկե ծիրան» փառատոնից՝ երբեք. արդյո՞ք այդ մրցանակներ ստացած ֆիլմերն անխտիր, անվերապահ արժանի էին և դուրս են որևէ կասկածից:
-Չգիտեմ՝ տեղյակ եք, թե ոչ, կազմակերպիչները ոչ մի կապ չունեն, կազմակերպիչները հրավիրում են ժյուրի, մանավանդ միջազգային, ես ինքս եղել եմ ժյուրի, գիտեմ՝ ոնց է արվում, այդ տարվա այս նոմինացիայի ժյուրին հավաքվում է, որոշում է կայացնում, վերջացավ, գնաց:
-Նաև այդ փառատոնի շրջանակներում անվանի արվեստագետները գալիս են, այստեղ «մաստեր կլաս»-եր անցկացում՝ դերասանական, ռեժիսորական, դերասանական, ի՞նչ են տալիս դրանք:
-Էդ մաստեր կլասերը շատ կարևոր բաներ են: Դա մի հատ … չեմ ուզում շատ բան ասել մեր արդի ստեղծագործող, ապրող, դասավանդող ռեժիսորների մասին, բայց այն շունչը, որ բերում են նրան, ուղղակի չգիտեմ: Մեր ժամանակ նման բաներ չկային ու դրա քաղցը ես միշտ զգում էի:
-Ամբողջ աշխարհում կինոյի համար փող չկա, մեր Հայաստանի ազգային կինոկենտրոնը ինչ-որ գումարներ է տրամադրում , բայց կարծում եմ, որ դրանք ակնհայտորեն չեն բավարարում:
-Հարցը դրանում չէ, կինոկենտրոնը չի կարող շնչահեղձ լինել, նրան տալիս են ինչ-որ մի պետական բյուջե, որն ինքը պետք է կարողանա բաշխել ինչ-որ ֆիլմերի վրա: Բայց ամեն մի բաշխումը, ամեն մի չնչին գումարը ֆիլմի 1/3-ը նույնիսկ չի կարող կազմել: Այսինքն, դա ձևական բնույթ է ստանում: Նույնիսկ եթե ամբողջ բյուջեն դրվի մի ֆիլմի վրա, այն դարձյալ կարող է չբավարարել, որովհետև այնքան չնչին է այդ բյուջեն, որ կինոկենտրոնը ոչ մի մեղք չունի այդ առումով:
-Ի՞նչ եք կարծում, տաղանդավոր հայ ռեժիսորը, որը չունի ծանոթություն, չունի խորամանկություն, կարո՞ղ է իր համար ճանապարհ հարթել կինոաշխարհում:
-Նախ, ո՞նց պետք է հասկանանք, որ ինքը տաղանդավոր է:
-Դե, ելնենք այն կանխավարկածից, որ նա տաղանդավոր է:
-Տաղանդավոր լինելը քիչ է. ռեժիսորն իր մեջ պետք է ամփոփի պրոդյուսերի ջիղը և այլն: Եթե տաղանդավոր է, նույնիսկ փոքր, սիրողական տեսախցիկով պետք է կարողանա ապացուցել իր շնորհքը: Եթե ինքն ապացուցեց, ինձ թվում է նա, անպայման, կկարողանա ինչ-որ բանի հասնել, որովհետև հնարավոր չէ, որ տաղանդավոր մարդը նույնիսկ այս վիճակում կորչի: Ես այդ համոզմանն եմ:
-Հիմա փոխվել են ռեժիսորի մասին պատկերացումները, որ նա, կարևորը լինի լայնախոհ աշխարհայացք ու ասելիք ունեցող մարդ, սակայն կարող է ունենալ նաև այլ կրթություն:
- Դիլետանտիզմը միշտ էլ վատ ծառայություն է մատուցելու… հիմա կարող է՝ մի ֆիլմ ստացվի, չի կարող այդպես լինել, որովհետև ռեժիսորը նույն ձևի մասնագիտություն է, ոնց որ բժիշկը, քիմիկոսը: Դա ապրելակերպ է. ռեժիսոր լինելը, դերասան լինելը,արվեստագետ լինելը: Էդ սուտի-մուտի խոսակցություններ են: Էդ տենդենցը, որ ամեն մեկն էսօր իրեն դերասան է զգում, ռեժիսոր, պետք է վերացնել, երկու կոպեկ փող են աշխատում, ինչ-որ բան նկարում, բերում , դնում են կինոթատրոնում: Կինոթատրոնը պետք է արգելի այդտեղ ֆիլմեր ցուցադրելու, էլ չեմ ասում՝ նկարահանելու: Չկա, ոչ մի բարոյական, պրոֆեսիոնալ չափանիշ չկա, ամեն ինչ ջնջված է:
-Իսկ Ձեզ ինչ-որ ներշնչող մարդու տեսել եք, որի մասին կուզենայիք ֆիլմ նկարահանել:
-Անպայման, ես այս գաղափարը քանի տարի ունեմ ու ուզում եմ մի հատ հերոս… այսօր մեր ազգը ընդհանրապես հերոսի պահանջ ունի: Այսինքն՝ մարդ, որին կարող են հավատալ, որը կարող է խոսել այդ ամենի մասին: Այսօր այդ մարդու կերպարն է պետք, այսօր հայի այդ կերպարը պետք է ստեղծվի, հնարվի: Միգուցե, հետագայում նման մի կերպար իրականություն կդառնա ու կառաջնորդի մեզ բոլորիս:
-Անցած տարի, հիշում եմ, տրանսպորտի թանկացմանը շատ բուռն արձագանքեցիք՝ խոսելով բումերանգի էֆեկտի մասին: Այսօր թանկանում է էլեկտրաէներգիան ինչ-որ բան ունե՞ք ասելու:
-Ախր, դա մենակ այստեղի ցավը չէ, դարդը չէ, մարդ արարածն այնքան անկուշտ է, ինքը չի հասկանում, լավ, այդքան անկուշտ լինելը պիտի՞ մի օր պայթի կա՛մ քո գլխին, կա՛մ՝ քո ժառանգների: Իրենք ընկել են մի հատ անբարոյական մոլուցքի մեջ ու չեն կարողանում տակից դուրս գալ, դա հիվանդություն է, նրանք հիվանդ մարդիկ են:










