Հայ -վրացական հարաբերություններում կա չհասկացվածության որոշակի աստիճան. փորձագետներ

14:10 • 29.07.14

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու շուրջ հայտնի միջադեպը, որը ծագել է կենցաղային հողի վրա, բայց ստացել որոշակի ազգամիջյան երանգավորում, կարող է տարբեր ձևերով կրկնվել նաև հետագայում: Այս մասին այսօր լրագրողների հետ «Հայ-վրացական հարաբերությունները ներկա փուլում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպի հնարավոր ազդեցությունը ազգամիջյան հարաբերությունների վրա» թեմայով քննարկմանը հայտարարեցին հայ փորձագետները՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և փորձագետ Ջոնի Մելիքյանը:


«Ձեռքի տակ եղած վերջին տեղեկատվությունից դատելով՝ նշված միջադեպը, չէի ասի խուլիգանություն, բայց մանր չհասկացության, տարհասկացության հիման վրա՝ որոշակի ազգամիջյան երանգավորում ստացավ»,-նշեց Ջոնի Մելիքյանը, ում խոսքով, Վրաստանում հակահայկական տրամադրությունները Վրաստանում նոր երևույթ չեն, այլ վերջին 20 տարիներին ժամանակ առ ժամանակ օգտագործվում են վրացական քաղաքական ուժերի կողմից՝ որոշակի տեղեկատվական–քաղաքական ֆոնի ներքո:


Ըստ նրա, երբ հայկական գործոնի շահարկման անհրաժեշտությունը պակասում է, վերանում են նաև նման հրապարակումները:


Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը , ով վստահ է, որ միջադեպը դիտավորյալ չէ, պատահական բնույթ էր կրում, սկսվել էր կենցաղային հողի վրա և ձեռք բերեց ազգամիջյան երանգավորում, չի կարծում, որ հայ-վրացական հարաբերությունների ընդհանուր ֆոնին կանդրադառնա, բայց նաև հավելեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ողջ հետխորհրդային շրջանում նման տրամադրություններ կան:


Նա, որքան էլ ցավալի է, այդքան էթնիկ խմբեր ունեցող և աբխազական հակամարտություն ունեցող երկրում դա բնական է համարում:


«Նման միջադեպերը կարող են ժամանակ առ ժամանակ ծագել և՛ Թբիլիսում, և՛ Սամցխե Ջավախեթիում, և ես զարմանքով կարդացի այն մեկնաբանությունները, որ դա կազմակերպված է ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Կարծում եմ՝ սա վկայում է այն մասին, որ Թբիլիսում կա նման դիսկուրս»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը:


Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն էլ, հավելելով, որ այս միջադեպը անընդունելի է նաև վրացիների համար, նկատեց, որ դժվար է լրջորեն խոսել Վրաստանում ազգային փոքրամասնության նկատմամբ լուրջ խախտումների մասին:


Նա, սակայն, չթաքցրեց, որ այլատյացության տրամադրություններ ունեցող որոշ շերտեր կան Վրաստանում՝ «արմատական տրամադրություններ» ունեցող վրացիներ։


«Մի խումբ կա, որոնց համար կարևոր չէ՝ ո՞վ է, ի՞նչ է, կարևորն այն է, որ վրացի չէ: Եվ նրանք իրենց պահում են այնպես, ինչպես պահում են ՝ նույն վերաբերմունք ունեն ինչպես հայերի, այնպես էլ մահմեդականների նկատմամբ»,-ասաց վրացի փորձագետը: