«Аэрофлот»-ը երկարաձգել է Օդեսա և Դնեպրոպետրովսկ չվերթների չեղյալ հայտարարման մասին որոշումը
Ռուսաստանի խոշորագույն «Аэрофлот» ավիափոխադրողը որոշել է երկարաձգել Օդեսա և Դնեպրոպետրովսկ ուղղություններով չվերթների չեղյալ հայտարարումը մինչև օգոստոսի 31-ը, իսկ Խարկով և Դոնեցկ ուղղություններով՝ մինչև հոկտեմբերի 25-ը: Այդ մասին ria.ru գործակալությանը հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Կիև չվերթները ավիափոխադրողն իրականացնում է սովորական ռեժիմով, նշել է նա:
«Аэрофлот»-ը Դոնեցկի շրջանում մալայզիական ինքնաթիռի կործանումից հետո (հուլիսի 17-ին) որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Դնեպրոպետրովսկ և Օդեսա ուղղություններով չվերթները: Հուլիսի 18-ին ընկերությունը հայտնել է, որ Դնեպրոպետրովսկ ուղղությամբ չվերթները դադարեցվում են մեկ ամսով, իսկ Օդեսա՝ մեկ շաբաթով:
Դոնեցկ և Խարկով ուղղություններով չվերթները «Аэрофлот»-ը դադարեցրել է դեռևս մայիսի 2-ին, այնուհետև բազմիցս երկարաձգել է այդ որոշումը:










