Լրագրողական պրոֆեսիոնալիզմի մակարդակը նոր սերնդի մոտ բարձր է. Արամ Աբրահամյան
Լրագրողական ուսուցումը Հայաստանում հիմա արդեն շատ ավելի մասնագիտացվել է, և որքան նկատելի է, այնուամենայնիվ պրոֆեսիոնալիզմի մակարդակը նոր սերնդում ավելի բարձր է: Այլ հարց է, որ խմբագիրները սխալ են կողմնորոշում նոր սերնդին: «Առավոտ» օրաթերթի 20-ամյակի առթիվ այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ խոսելով ոլորտի խնդիրների և հեռանկարների մասին:
Ներկայացնելով «Առավոտի» պատմությունը՝ Արամ Աբրահամյանն ասաց. «1994 թվականին ենք սկսել լույս տեսնել, առաջին խմբագիրը գրող, բանաստեղծ Իգնատ Մամյանն էր, ես «Առավոտի» խմբագիր դարձա նույն տարվա դեկտեմբերից: Այդ ժամանակ հայտնի էին «Երկիր, «Ազգ», «Լրագիր», «Հայք» պարբերականները: Բացի «Լրագրից», մնացած թերթերը կուսակցական էին: Այդ ժամանակ լուրերով հետաքրքրվող քաղաքացին առնում էր բոլոր այս թերթերը, համեմատում իրար հետ ու անում իր եզրակացությունը: «Առավոտը» հենց այդ ժամանակից պետք է նոր խոսք ասեր՝ պետք է լիներ ոչ կուսակցական: Այն չպետք է արտահայտեր որևէ խմբի կուսակցական շահերը, չնայած տնտեսական խմբի կողմից էր ստեղծվել` Սուքիասյանների ընտանիքի կողմից: Բայց Սուքիասյանները բավականին լիբերալ մարդիկ էին և շատերի պես չէին ասում` ինչ ուզում եք արեք, մենակ մեր բիզնեսին մի կպեք»:
Թերթի գլխավոր խմբագիրը նաև կարծիք հայտնեց, թե թերթն այսօր կարողանում է անկողմնակալությունը պահպանել, դրան զուգահեռ պահել նաև պրոֆեսիոնալիզմը:
Անդրադառնալով տպագիր մամուլի առջև ծառացած խոչընդոտներին՝ Արամ Աբրահամյանը նկատեց, որ պետք էր ավելի վաղ հասկանալ, թե ինչ խոչընդոտներ կարող էին ի հայտ գալ. «Պետք էր հասկանալ, որ կայքերը, սոցիալական ցանցերը առաջանցիկ դեր են խաղալու, լավ կլիներ դա հասկանալ 5-7 տարի առաջ: Պարտադիր պետք էր համատեղել տպագիր մամուլը ինտերնետային մամուլի հետ: Պետք է տարանջատել, թե ինչ ես ուզում գրել թերթում և կայքում»:
Նա նաև նշեց, որ ոլորտում իդեալական կլինի ունենալ աշխատակազմ, որի մի մասը միայն կայքի, իսկ մյուս մասը միայն թերթի վրա է աշխատում: «Այսօր թերթերին այդքան էլ չեն վերաբերում ճնշումները, իսկ հիմա առավել ևս ճնշողները դարձել են բավականին անտարբեր: Իհարկե, դա մի կողմից լավ է»,-ասաց նա:
Տպագիր մամուլի առջև հաճախ ծառացող մեկ այլ՝ ֆինանսական խնդրի մասին ևս Արամ Աբրահամյանն իր տեսակետը ներկայացրեց. «Բնականաբար ժամանակ առ ժամանակ ֆինանսների խնդիր է առաջանում , բայց ես ինչ-որ մեկի նոքյարը չեմ պատրաստվում լինել: Եթե ինչ-որ մեկը խիստ խնդիր է դնում իմ առաջ՝ այս կամ այն բանը անել, ես նրան կասեմ հաջողություն»:
Վերադառնալով «Առավոտին»՝ գլխավոր խմբագիրը նկատեց. «Այսօր թերթը մարդիկ ստանում են իրենց գրասենյակներում, պաշտոնական խավը ստանում է ողջ թերթերի կապոցը, չեմ կարծում՝ ամբողջը կարդում եմ, բայց գիտեմ, որ «Առավոտը» միջից առանձնացնում և գոնե թերթում են, մեզ կարդում են միջին և բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ: Իսկ Aravot.am կայքը տասն անգամ ավելի շատ են կարդում, բայց թերթը կարդում են քիչ թե շատ որոշում կայացնող մարդիկ: Նրանց շնորհիվ է թերթը գոյատևում, որովհետև նրանք նախընտրում են իրենց գովազդը թերթին տալ, ոչ թե կայքին»:










