Բուջետային միջոցներով սնվող հիմնարկներում շռայլությունները տեսանելի են՝ առանց վերլուծական աչքի. Բաբկեն Պիպոյան

20:12 • 29.07.14

Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ բուջետային միջոցներով սնվող հիմնարկները մեծ շռայլությունների են գնում հարկատուի հաշվին՝ թանկարժեք ծառայողական մեքենաներ, գործուղումներ, կոնյակներ և այլն: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, թե ինքը հույս ուներ, որ նոր Կառավարությունը հենց դրանից էլ կսկսեր իր աշխատանքը։ 


«Ես կածում էի, որ նոր Կառավարության առաջին գործը պետք է լիներ հենց կառավարման մոդելի փոփոխությունը։ Այդ շռայլությունները տեսանելի են՝ առանց վերլուծական աչքի, էլ չեմ ասում, որ եթե պետական մարմնում իրականացվի մոնիթորինգ, շրջայց, աշխատաժամերի, աշխատուժի բաշխվածություն, կտեսնենք, թե որքան անիմաստ աշխատակիցներ կան պետական մարմիններում, որոնք ըստ էության՝ առավոտյան ժամը 9-ին գնում են աշխատանքի, սոցցանցերում գրառումներ են կատարում և ժամը 18։00-ին գնում են տուն։ Այսինքն՝ աշխատողն ըստ էության՝ 8 ժամվա դիմաց վարձատրվում է, բայց ընդամենը՝ 1,5 ժամվա անելիք ունի»,-ասաց նա և հավելեց, թե մեղքը ոչ թե աշխատողինն է, այլ՝ համակարգինը, որը 6 աշխատող է պահում մեկի փոխարեն։ 


«Բնականաբար՝ այդ աշխատավարձերը ևս գոյանում են մեր վճարած հարկերից։ Կարևոր է, որ համակարգը ճիշտ կառավարվի, որովհետև պետական ապարատում աշխատավարձերն էական բարձրացան, իսկ եթե կառավարման մոեդելը ճիշտ լինի, էլ ավելի կբարձրանա։ Պետական հիմնարկներում աշխատողների մոտ դգոհություն կա, որովհետև տեսնում են, որ իրենք աշխատում են, ուրիշները՝ սուրճ են խմում, բայց հավասար են վճարվում»,-նշեց նա։ 


Բաբկեն Պիպոյանը հասկանում է՝ գործուղումներ պետք են, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է նորմալ մեքենաներով երթևեկեն ու Նաիրի կանյակ հյուրասիրեն արտասահմանյան պաշտոնյաններին, բայց չպետք է նման «խայռատակ» ծախսեր անեն։