ԵՄ-ում համաձայնեցրել են Ղրիմի դեմ պատժամիջոցների փաթեթը
Եվրամիությունը համաձայնեցրել է այն պատժամիջոցների փաթեթը, որով սահմանափակվում են առևտուրն ու ներդրումները Ղրիմում ու Սևաստոպոլում, հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը:
Համապատասխան որոշում է կայացվել երկուշաբթի Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի նիստի ժամանակ:
Պատժամիջոցները տարածվում են տրանսպորտային, հեռահաղորդակցության և էներգետիկ ոլորտների զարգացման վրա, ինչպես նաև՝ Ղրիմի թերակղզում նավթարդյունահանման արդյունաբերության:
Եվրամիությունն արգելել է նաև ևս ութ պաշտոնյաների և երեք ընկերությունների մուտքը իր երկրներ և սառեցրել հաշիվները: Խոսքն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին է, որոնք «սատարում են ռուսաստանցի անձանց, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների համար»:
Պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի և կհրապարակվի չորեքշաբթի օրը:










