Մադրիդյան սկզբունքներն ընդհանուր առմամբ ընդունելի են. Պարույր Հայրիկյան

19:31 • 29.07.14

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ մադրիդյան սկզբունքները միջազգային իրավունքի տեսանկյունից ընդհանուր առմամբ ընդունելի են, սակայն դրանում առկա դրույթներից բոլորը չէ, որ սկզբունք են: 

«Եթե խոսվում է սահմանների անձեռմխելիության մասին, ապա հարց է առաջանում, թե որ սահմանների՝  ըստ Լենինի նախասիրությունների՞, Ստալինի՞ գծած սահմանների, թե՞ միջազգային իրավունքով հաստատված: Վերջերս սկսեցին բացահայտ խոսել, թե ավելի լավ է՝ Ստալինի գծած սահմանները, քան հակամարտությունը. դա սրբապղծություն է և նշանակում է ամեն տեսակ արժեքներից հրաժարվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: 



Պարույր Հայրիկյանը գտնում է, որ եթե միջազգային իրավունքի տեսանկյունից ենք դիտարկում սահմանների անձեռնմխելիությունը, ապա շահեկան վիճակում ենք, որովհետև սահմանների մասին միջազգային իրավունքը սահմանումը տվել է ազգերի ինքնորոշման միջոցով: «Այնպես որ՝ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ՝ մադրիդյան սկզբունքներն, ընդունելի են, սակայն կարող են լինել բաներ, որոնց մենք չենք տիրապետում, իսկ Արցախի վարչապետը տիրապետում է»,-ասաց նա: 



Հարցին՝ այսինքն՝ չի կարելի համարել, որ մադրիդյան սկզբունքերն սպառված են, նա պատասխանեց.«Երբ ինչ-որ բան չի արդարացնում իրեն,  կարող ես մտածել, որ պետք է նոր լուծումներ գտնել, սակայն հայկական դիվանագիտությունը չի օգտագործել Մադրիդյան սկզբունքների ընձեռած հնարավորությունները»:

Հարցին՝ Հայաստանի իշխանությունները կարո՞ղ են դեմ գնալ Արցախի ժողովրդի կամքին, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Արցախի ժողովրդի կամքը դեռևս բացահայտված չէ, իսկ սեփական ժողովրդի կամքին դեմ գնացողը մի՞թե չի կարող դեմ գնալ իր ժողովրդի մեկ այլ հատվածի կամքին դեմ: Խոսքը Հայաստանի իշխանությունների մասին է. երբ բոլորիս համար ակնհայտ էր, որ Հայաստանի ժողովրդի 77 տոկոսը կողմ էր եվրոպական կողմնորոշմանը, ՀՀ Նախագահ Սերժ Սրագսյանը հրաժարվեց նրանց հետ հարաբերությունների սերտացումից և ընտրեց գոյություն չունեցող Եվրասիական միությունը»: