Բարձր մակարդակի հանդիպումները և երկխոսությունն առանցքային են ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար. Ջոն Հեֆֆերն

11:13 • 29.07.14

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար կա միայն մեկ` խաղաղ բանակցությունների ճանապարհ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը` պատասխանելով ադրբեջանական դիվերսիոն գործողությունների և հայկական գյուղերի վրա կատարվող հարձակումների մասին լրագրողների հարցին: 

«ԵԱՀԿ Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմատենչ հռետորաբանությունը և դատապարտում է հրադադարի խախտումները: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են շփման գծում և սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետևանքով: Պետքարտուղար Քերին վերահաստատել է մեր դիրքորոշումն այս հակամարտության խաղաղ բանակցային լուծումն ապահովելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք շարունակում ենք աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Շարունակելու ենք հորդորել կողմերին որքան հնարավոր է հաճախակի հանդիպումներ ունենալ, հարցերը միասին քննարկել, և հույս ունենք` մոտ ապագայում նախագահների հանդիպում տեղի կունենա, որի միջոցով հնարավոր կլինի փոխել իրավիճակը»,- ասել է ամերիկացի դիվանագետը: 

Հեֆֆերնը վերահաստատել է, որ բարձր մակարդակի հանդիպումները` կարևոր, իսկ երկխոսությունը` առանցքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար: