Կրեմլը միջազգային մեկուսացման է պատրաստվում. The Wall Street Journal

13:30 • 29.07.14

Կրեմլն ուժեղացված միջազգային մեկուսացման է պատրաստվում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Թերթի կարծիքով՝ Մոսկվան բախվել է նոր խնդիրների միանգամից «երկու ճակատում»: Առաջին հերթին՝ Ուկրաինայի արևելքում ապստամբները «պարտություններ են կրում», երկրորդ՝ ԱՄՆ-ն և Եվրոպան պատրաստում են պատժամիջոցների հերթական ալիքը, ասված է հոդվածում:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ հակաահաբեկչական գործողության արդյունքում ուժայիններն ապստամբներից ազատել են Ստեպանովկան: Իր հերթին՝ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովն ասել էր, որ Շախտյորսկ և Տորեզ քաղաքների շրջանում շարունակվում է ապստամբների և ուժայինների միջև կատաղի պայքարը:

 

Հաղորդվել է նաև, որ երեքշաբթի սպասվում են Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցներ: Նախկինում ամեն անգամ, երբ խոսքը «ոլորտային պատժամիջոցների մասին էր լինում», Կրեմլին հաջողվում էր դրանք կանխել՝ կոնֆլիկտի սրացումը նվազեցնելու մասին իբր ազդանշաններ տվող գործողությունների շնորհիվ, նշում է թերթը: «Այժմ նրանք այլևս չեն փորձում ժամանակ գնել»,-եվրոպացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում թերթը:

 

Թերթի կարծիքով՝ Կրեմլը սկսել է ռուսներին միջազգային մեկուսացմանը պատրաստելուն ուղղված միջոցներ ձեռնարկել: Որպես օրինակ՝ թերթը մեջբերում է Վլադիմիր Պուտինին, ով հայտարարել էր, որ Ռուսաստանն ինքնուրույն կարող է արտադրել ռազմաարդյունաբերական համալիրի բաղադրիչներ, ինչը կպաշտպանի քաղաքական ռիսկերից: