Պաղեստինցիներն առաջարկել են 72-ժամյա հրադադար հայտարարել Գազայի հատվածում
Բոլոր պաղեստինյան խմբավորումները կողմ են արտահայտվել Իսրայելի հետ միակողմանի եռօրյա հրադադար հայտարարելուն: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին երեքշաբթի հայտարարել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության ներկայացուցիչ Յասիր Աբեդ Ռաբբոն:
Ինչպես ընդգծել է քաղաքական գործիչը` այս հայտարարությունն արվել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման անդամների համաձայնությամբ և հիմնված է ՄԱԿ-ի` Մերձավոր Արևելքում հատուկ ներկայացուցիչների առաջարկների վրա:
Միաժամանակ հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հրթիռներ արձակել պաղեստինական տարարծքների ուղղությամբ: Պաղեստինցի բժիշկների գնահատականներով` զոհված պաղեստինցիների թիվը ներկա պահին կազմել է ավելի քան 1100 մարդ: Հակամարտությանը զոհ է գնացել նաև ավելի քան 50 իսրայելցի զինվորական:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր նախազգուշացրել է, որ «Անխորտակելի ժայռ» ռազմական գործողությունը Գազայի հատվածում կարող է ձգձգվել:










