Գազայի հրթիռակոծումից զոհված հղի կինը «լույս աշխարհ է» բերել երեխայի
Իսրայելա-պաղեստինյան թեժ հակամարտության թիրախում գտնվող Գազայի հատվածում բժիշկներին հաջողվել է փրկել հրթիռակոծության հետևանքով փլատակների տակ մնացած ու զոհված հղի կնոջ երեխայի կյանքը։
Ինչպես նշում է The Guardian-ը, 23-ամյա Շայմա ալ Շեյխ Քանանը եղել է հղիության 8-րդ ամսում, երբ Իսրայելի հրթիռակոծման հետևանքով հայտնվել է սեփական տան փլատակներում։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է։
Բժիշկները փորձել են նրան վերակենդանացնել, սակայն ապարդյուն։ Ուստի նրանք շտապ կեսարյան հատում են իրականացրել՝ փրկելով նորածնին։ Աղբյուրը մանրամասնում է, որ երբ երեխան ծնվել է, նրա մայրն արդեն 1 ժամ մահացած է եղել։
Այժմ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրան կխնամի տատիկը։










