Պատժամիջոցների վատագույն սցենարի դեպքում Ռուսաստանին մինչև 80 մլրդ դոլար կպահանջվի. փորձագետներ
Եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն արտաքին ֆինանսավորման ամբողջական բացակայության հանգեցնեն, երկրին առաջիկա երկու տարիներին 40-80 միլիարդ դոլար կպահանջվի՝ բանկերի և պետական ընկերությունների աջակցության համար: Այդ մասին ասված է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պետության և բիզնեսի մասին տեղեկագրում, գրում է korrespondent.net-ը:
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետները կանխատեսում են, որ մինչև 2014 թվականի ավարտը պետական ընկերություններին կպահանջվի մոտ 43 միլիարդ դոլար ներգրավել: 2015 թվականին հավելյալ ֆինանսավորման ծավալը կկազմի 48 միլիարդ դոլար:
Ընդ որում՝ գումարը կարող է ավելանալ մոտ երկու անգամ՝ մինչև 90 միլիարդ դոլար՝ արևմտյան շուկաներում վերավարկավորման արգելքի սահմանման դեպքում:
Սա լուրջ խնդիր է, հատկապես՝ եթե հաշվի առնել նաև 50 միլիարդ դոլար արժողությամբ «ՅՈւԿՕՍ»-ի գործով Հաագայի դատարանի նախնական որոշումը (որի բողոքարկման հեռանկարները Ռուսաստանի կողմից վերջնականորեն պարզ չեն), ասված է հետազոտության մեջ:
Առաջիկա չորեքշաբթի կարող է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին հայտարարվել։










